Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերը
Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Պեկինում ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի և Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:
Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:
Նախորոդող հրապարակում՝
Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի Չինաստանի դեսպանին