Արտահանման ծավալները նվազել են, մթերողները խնդիրներ ունեն. Գործարար պատգամավորը՝ խաղողի մթերման մասին
Հայաստանի մարզերում խաղողի մթերման հետ կապված խնդիրներ առաջացել են այն պատճառով, որ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև գինու և կոնյակի արտահանման ծավալները նվազել են 70 տոկոսով: Այդ մասին այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Պատգամավորի բացատրելով, արտահանման ծավալները զգալի նվազել են, որովհետև ռուսական շուկայում ռուբլու փոխարժեքը 100 տոկոսով արժեզրկվել է:
«Արտահանման ծավալների նվազումը կապված է փոխարժեքի տատանումներով. մեր դրամը արժեզրկվել է 15 տոկոսի չափով, իսկ ռուսական ռուբլին՝ 100 տոկոսով, և վակուում է առաջանում, ինչի հետևանքով մեր ապրանքներն անմրցունակ են դառնում ու դա էլ հանգեցնում է նրան, որ մենք 60-70 տոկոսով քիչ գինի, կոնյակ ենք արտահանել Ռուսաստան: Մարդը որ իր անցյալ տարվա առածը չի կարողացել վաճառել, ո՞նց կարող է այս տարի նորից մթերել», -նշեց գործարար պատգամավորը:
Պետրոսյանի խոսքով, այս տարի խաղողի բերքը առատ է եղել, և գյուղացին ու մթերող գործարանները կանգնել են փաստի առաջ: Գործարանների հետ նախորդ տարի պայմանագիր կնքած գյուղացիներից, ըստ պատգամավորի, մթերումներ կատարվում են: Նա վստահեցրեց, որ մթերվում է նաև պայմանագիր չկնքած գյուղացիների բերքը՝ նրանց հետ ևս պայմանագիր կնքելով:
«Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորության սահմաններում ամեն մեկը 10-20 տոկոս ավելի մթերի, որ գյուղացուն էս վիճակից հանենք: Բայց դուք մի բան էլ հասկացեք՝ գործարանը էս տարի, մյուս տարի միայն խաղող մթերի ու չկարողանա վաճառի, էդ գործարանը կփակվի», -հայտարարեց պատգամավորը:
Հարցին, թե կառավարությունն ինչի՞ հաշվին է ասում, որ 1 կգ խաղող չի մնա, բոլորը կմթերվի և ավելին, վարչապետն էլ Արմավիրում հանձնարարեց մթերողներին անպայման մթերել գյուղացու մթերքը, Պետրոսյանն ի պատասխան նկատեց, որ վարչապետի բոլոր հանձնարարությունները բոլոր գործարարները կատարում են:
«Խաղողի մթերումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-25-ը: Քանի որ այսօրվա բերքը միանգամից վաճառքի ենթակա չի լինելու, էսօր խնդիրը դրված է գյուղացուն այս վիճակից փրկել, հետո մտածենք՝ ոնց անենք, որ գործարաններին փրկենք: Մթերման դիմաց բոլոր գումարները մինչև տարվա վերջ կփակվեն: Մենք ընդառաջ ենք գնում գյուղացուն: Պտի իրար պաձերժկա անենք, ժողովուրդ, բոլորս միասին մի մարդ ենք, մի հասարակության մեջ ենք ապրում, իմ ու քո չպետք ա լինի: Պտի կամաց-կամաց էս խնդիրը լուծենք», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները