ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թ. մրցանակը շնորհվելու է Եվգենի Կասպերսկուն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակը շնորհվելու է «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով, մի շարք թեկնածուներ են եղել, ընտրությունը բավականին դժվար է եղել:
Եվգենի Կասպերսկին Հայաստան է գալու նոյեմբերի 16-18-ը:
«Եվգենի Կասպերսկին հպարտությամբ ընդունեց այս լուրը, որ նման պատվի ենք արժանացրել: Նա իր պատասխանում նշել է, որ մեծ պատիվ է գտնվել աշխարհահռչակ տեխնոլոգիական հսկաների շարքում, ովքեր եղել են նախորդ տարիների դափնեկիրները»,- ասաց Հ. Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ 2009 թ. հուլիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի (Համաշխարհային ՏՏ մրցանակ) հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանուն բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական, ֆինանսական:
Համաշխարհային ՏՏ մրցանակի առաջին դափնեկիրն է եղել «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը, երկրորդ դափնեկիրը՝ «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնիակը, երրորդ դափնեկիրը՝ «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդ դափնեկիրը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն: Նախորդ տարի մրցանակը տրվել է «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:
Նշենք, որ մրցանակը դրամային չէ: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից, հուշախորհրդանիշից: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան