Կրթության նախարարների մեջ Աշոտյանն ամենասկզբունքայինն է. Ա. Բախշյանը Աշոտյանի հրաժարականը չի պահանջում
Այսօրվա ասուլիսում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը քննադատեց կրթական համակարգում տիրող վիճակը, այն, որ երեխաներն այժմ անորակ կրթություն են ստանում, քննական գործընթացում տեղ գտած բազմաթիվ բացթողումներն ու խախտումները:
Քննական թոհուբոհի մեջ նախկին մանկավարժ և այժմ պատգամավոր տիկին Բախշյանը նկատել է, որ կրթության և գիտության նախարարությունն ու Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կարծես նույն մարմինը լինեն, մինչդեռ նրա խոսքով,
ԳԹԿ-ն պետք է լինի անկախ մարմին:
«ԳԹԿ-ն պետք է բոլոր սխալների պարագայում կրթության նախարարությանը զգոնության կոչ աներ, ասեր` կրթության նախարարություն, վերջ տո՛ւր այս ամեն ինչին», -հայտարարեց Բախշյանը:
Անդրադառնալով նախաքննական շրջանում քննական թեստերի արտահոսքին, Բաշխյանն ասաց, որ դա հանցագործություն է և այն կազմակերպվել է հենց ԳԹԿ ներսից:
«Թեստերի արտահոսք կազմակերպողը հենց ԳԹԿ ներսից է և դրա ամբողջ պատասխանատվությունը պետք է դրվի ԳԹԿ տնօրենի վրա: Այսպիսի հանցագործ վերաբերմունքը երեխաների գիտելիքների ստուգման նկատմամբ, կբերի նրան, որ մենք կերազենք անգամ այսօրվա կրթության որակը», -նկատեց նախկին մանկավարժը:
Նա բավականին վրդովված խոսեց, որ կրթության որակը օրըստօրե ընկնում է, և պատկան մարմիններն էլ դա հանդուրժում են:
Լրագրողի հնչեցրած հարցին, թե այդ ամենի համար հնարավո՞ր է Բախշյանը պահանջի կրթության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը, պատգամավորը պատասխանեց այսպես.
«Այսօրվա նախարարը իմ իմացած վերջին տարիների նախարարների մեջ ամենասկզբունքային մարդն է, այդ առումով` ոչ, ես չեմ կարող պահանջել հրաժարական: Նա այնուամենայնիվ, տեր է կանգնում իր բնագավառին և նրա վրա ճնշումներ տարբեր կողմերից լինում են, բայց եթե ինքը մի բան ասում է, ապա դա կանի մինչև վերջ, եղա՞վ»: