Օրինախախտ թիվ 18 հատուկ դպրոցի ղեկավարությունը շարունակում է պայքարել
Մի քանի ամիս առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, «World Vision Armenia»-ն, ՀՀ քաղաքացի Մարիամ Սուխուդյանը և լրագրող Սյուզան Սիմոնյանը բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին` «Ուշադրություն դարձնելու Երևանի թիվ 18 հատուկ դպրոցի վրա»:
Հիշեցնենք, որ դեռևս 2010-ի մարտի 26-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստում նշված դպրոցի հարցը լուրջ քննարկման առարկա էր դարձել և որոշում էր կայացվել այն լուծարել ` «այն չի ծառայում իր նպատակին» հիմնավորմամբ:
Նիստի սղագրության համաձայն նշվել է, որ դպրոցում պետք է սովորեին հատուկ կարիք ունեցող և իրավախախտ երեխաներ՝ ստանալով հատուկ կրթություն և դաստիարակություն, սակայն ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Այնուհետև նշվում էր, թե դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է. երեխաները, որ դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ:
Ավելին` ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովն էլ բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ էր արել, բայց մինչ օրս դպրոցի ղեկավարությունը շարունակում է պայքարել դպրոցի լուծարման դեմ, ավելին` մի քանի ամիս անց, ինչ նման որոշում կայացվեց, հավանաբար սպասելով, որ աղմուկը փոքր-ինչ մեղմվի, դարձյալ բողոքում են լուծարման դեմ:
Ինչո՞ւ «հավանաբար սպասելով», քանզի բաց նամակի հեղինակները, իրենց անկախ ուսումնասիրությունների արդյունքում, բազմաթիվ չարաշահումներ էին հայտնաբերել, որ առկա են Նուբարաշենի հատուկ դպրոցում, ինչպես նաև մատնանշել երեխաների տարրական իրավունքների ոտնահարման դեպքերին:
Ի դեպ, միայն հասարակական այս կազմակերպությունների նամակներին ու ԿԳ նախարարության հանձնարարականները չեն անտեսվում դպրոցի ղեկավարության կողմից` 2010թ-ի դեկտեմբերի 21-ին Կառավարությունը կայացրեց որոշում, այն է`
«Վերակազմակերպել Երևանի թիվ 18 հատուկ դպրոցը և ստեղծել «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղ»:
Այսինքն`թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակական կազմակերպությունների մատնանշմամբ դպրոցը ենթակա է լուծարման, բայց շարունակում է գործել: Ընդ որում, դպրոցի ղեկավարությունը, փաստորեն, անտեսում է նաև այն հանգամանքը, որ օրերից մի օր հնարավոր է այդ բոլոր չարաշահումները հիմք հանդիսանան նաև քրեական գործեր հարուցելու համար, այսինքն` հայտնվի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:
Թեպետ, ինչպես պարզեցինք, արդեն մեր ձեռքի տակ առկա, 2005թ-ին ՀՀ գլխավոր դատախազության տարածած տեղեկանք-հիմնավորման համաձայն, հատուկ դպրոցում իրականացրած ուսումնասիրությունները բացահայտել են, որ, մեջբերում ենք` «թեև տվյալ դպրոցը նախատեսված է միայն հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար, սակայն դպրոցի աշակերտների անձնական գործերից պարզվել է, որ այստեղ սովորում են ինչպես որևէ վարքային խնդիր չունեցող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, այնպես էլ մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, ինչն էլ հանդիսանում է «Երեխայի իրավունքների մասին» օրենքի դրույթների վտանգավոր խախտում»:
Ահա այսպես: Սա դատախազության 2005թ-ի տեղեկանք-հիմնավորումն էր, իսկ այսօր` 2011թ-ին, վտանգավոր միտումներով դատախազության մատնանշած օրինախախտ դպրոցի ղեկավարությունը շարունակում է պայքարել դրա գոյության համար:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` ինչ դպրոցի տնօրինությունը կառավարության ու նաև նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ է անցկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու