Շևչենկոյի անվան դպրոցի ուրվականը. ո՞ւմ է ձեռնտու աղմուկ բարձրացնել, բայց մնալ անհայտ
Մաշտոցի պողոտայի 5/2 հասցեում գտնվող Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցին ու այնտեղ տիրող իրավիճակին Panorama.am-ը բոլորովին վերջերս է անդրադարձել. հրապարակումը նվիրված էր այս դպրոցում կայանալիք տնօրենի ընտրությանը: Այս կապակցությամբ «ծնողներն ու ուսուցիչներն» անգամ նամակ էին տարածել ԶԼՄ-ներին: Իսկ մեկ ամիս էլ չանցած դարձյալ լրատվամիջոցներին ուղղված նամակ` այս անգամ նամակագիրը (Taras Shevchenko [[email protected]]) ստորագրել է «ծնողների և ուսուցիչների խորհուրդներ» և մատնանշում է դպրոցի ջեռուցման բացակայությունը:
Ներկայացնում ենք Panorama.am-ին հասցեագրված նամակից որոշ հատվածներ.
«Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը չի ջեռուցվում: Տարբեր դասարանների աշակերտներ չեն հաճախում դպրոց ցրտի պատճառով, շատերը մրսել և հիվանդացել են: Նաև` դպրոցում ջրծաղիկով հիվանդներն են շատացել:
Մինջանցքներում սառնամանիք է, պատուհանները ցելոֆոնապատ են, բայց դա էլ չի օգնում, քանի որ ապակիներից շատերը կամ բացակայում են, կամ էլ կոտրված են: Ջեռուցող տաքացուցիչները շատ քիչ են ու անսարք, հաշված դասարաններ են ջեռուցվում` հիմնականում տարրականները»,- նշված է նամակում:
Ըստ այդմ որոշեցինք ևս մեկ անգամ այցելել դպրոց ու անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին, անգամ նամակագիրների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կոնկրետ ժամին լինելու ենք դպրոցում: Բայց ավաղ` թղթակցիս ու ֆոտոլրագրողին դիմավորեց մռայլ պատերով այդ դպրոցի պահակը և տեղեկացրեց, որ դպրոցում ոչ ոք չկա` շաբաթ է: Այն, որ մեզ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ու կոնկրետ ժամին մեզ պետք է«ծնողների և ուսուցիչների խորհուրդներ»-ը դիմավորեին ու ծանոթացնեին իրավիճակին, պահակին հայտնի չէր.
«Ինձ որևէ մեկը չի զգուշացրել, դասարանները փակ են, տնօրենն այստեղ չի, ո՞ւր թողնեմ»,- նշեց նա:
Մեզ մնաց միայն լուսանկարել շենքը դրսից ու ականատես լինել նրան, որ իրոք պատուհանների մեծ մասը ցելոֆանապատ է, որոշ տեղերում ապակիներն ընդհանրապես բացակայում են…. մի խոսքով, հաստատել այն, ինչին մատնանշել էին նամակագիրները:
«Այս խնդրին ծանոթ են բոլորը` թե Երևանի քաղաքապետարանը, թե ԿԳ նախարարությունը: Ավելին` ԿԳՆ-ը արդեն 10 տարի է խաբում է դպրոցին ասելով թե կվերանորոգի և կջեռուցի, բայց չի անում: Դասարանների պատերը կիսաքանդ են, դռները պոկված և այլն: Մի խոսքով` կատարյալ խայտառակ վիճակ է…»,-գրված էր նամակում:
Ինչպես նշեցինք, թեև խոստացվել էր, որ մեզ կդիմավորեն ու կծանոթացնեն իրավիճակին, նամակագիրներն իրենց խոստումն այդպես էլ չկատարեցին և հաստատել, որ պատերը, դռները և կամ առաստաղը խայտառակ վիճակում են չենք կարող:
«Բացի այս, էլեկտրական սարքերով ջեռուցումը բավարար չէ, դպրոցի ղեկավարությունն ասում է, թե, իբր, գումար չունի էլեկտրաէներգիայի վճարման համար: Ամոթ է, ամոթ: Պահանջում են, որ երեխաները չբացակայեն, իսկ հետո, երբ երեխաները գալիս են` չեն ջեռուցում, երեխաները մրսում ու հիվանդանում են: Էլեոնորա Թումանյանը (դպրոցի տնօրեն) ստում է, եթե ասում է, որ բոլոր երեխաները հաճախում են դպրոց: Մենք կարող ենք դասարաններ թվարկել, որոնց երեխաներն արդեն 2 շաբաթ է դպրոց չեն հաճախում ցրտի պատճառով: Դասարաններ կան, որ 6-10 հոգի է 22-26 հոգուց հաճախում դպրոց, այն էլ օրը մեջ: Եվ այդ դասարանները հիմնականում բարձր դասարաններն են: Ի՞նչ հաճախելու մասին է խոսքը, եթե երեխաները սառում են դպրոցում դպրոցի ղեկավարության պատճառով»,- նաև նշված է նամակում:
Նամակագիրները, սակայն, այդպես էլ չեն նշել, թե ո՞ր դասարանները կոնկրետ հաճախելիության խնդիր ունեն, այնպես որ այս մաով ևս բաց ենք թողնում: Իսկ ինչ վերաբերում է տնօրենի անձին, ապա դպրոցի տարածքում հանդիպած մի կին տեղեկացրեց, որ իր թոռները սովորում են Շևչենկոի անվան դպրոցում, ինքն էլ է սովորել ու ինչպես որ միշտ` լավ դպրոց է համարվել այն, այդպես էլ հիմա է: Միակ խնդիրը ջեռուցման խնդիրն է, որ երեխանեը ստիպված են տաք հագնված հաճախել դպրոց, «բայց դե ի՞նչ արած»: Ինչ վերաբերում է դպրոցում տիրող լարվածությանը, որը մատնանշում են նամակագիրները, ապա տիկինը նշեց, որ նման բան չկա, իսկ եթե կա էլ, ապա դա մի քանի ծնողների խնդիրն է.
«Տիկին Թումանյանը շատ խիստ տնօրեն է և գտնում եմ դա շատ լավ է: Կան որոշ ծնողներ, որ դա իրենց դուր չի գալիս, նրանց համար երևի լավ կլիներ, որ տնօրենը փափկամազիկ լիներ ու նստեին գլխին…»,- հնարավոր այդ լարվածությունը բացատրեց նա: Եվ ևս մեկ անգամ կրկնեց` թե դպրոցը, թե մանկավարժական կոլեկտիվը շատ լավն են, միակ խնդիրը ջեռուցումն է:
Կրկնելով վերը նշված հարցը, թե ինչո՞ւ որևէ մեկն այդպես էլ մեզ չծանոթացրեց տիրող իրավիճակին, ստիպված ենք այսօրվա հրապարակումն էլ ավարտել նախորդող հրապարակման վերջաբանով` գուցե իրականում «չար ինչ-որ մեկը փորձում է դպրոցի մթնոլորտը փչացնե՞լ»:
Նախորդող լուր`
Շեվչենկոյի անվան դպրոցում լարվածությունն «այդքան էլ մեծ չէ», թեև «դրսից ինչ-որ մեկն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ»