«Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանների 1-ին մասերը վաճառքում են
Արդեն վաճառքում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրատարակված «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանների առաջին մասերը: Panorama.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ շտեմարանների երկրորդ մասերը կհրատարակվեն այս ամսվա վերջին:
«Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանի գինը սահմանվել է 2000 դրամ, իսկ մաթեմատիկայինը` 2200 դրամ: Շտեմարանները հրատարակվել են 5 000 օրինակով, դրանց իրացմամբ զբաղվելու են կազմակերպություններ, որոնք կենտրոնի հետ պայմանագրեր ունեն:
«Այս տարի հենց այս երկու առարկաներն են, որ ունենալու են շտեմարաններ»,-ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ առաջիկա քննությունների թեստերը կազմվելու են բացառապես կենտրոնի կողմից հրատարակված շտեմարաններում ընդգրկված առաջադրանքներով, իսկ առաջադրանքները հանրակրթական դպրոցի ծրագրերին համապատասխան են, վերաբերում են դասընթացի գրեթե բոլոր բաժիններին:
Շտեմարաններում ընդգրկված է 5-6 հազար առաջադրանք, տարեցտարի թիվը ավելանալու է` նպատակ ունենալով կանխել դիմորդների կողմից անգիր անելու երևույթը:
«Առաջադրանքները կազմվելիս հաշվի են առնվել առաջին հերթին գործող դասագրքերը, ինչպես նաև «Ուղեցույցով» նախատեսված պարտադիր ընթերցանության և անգիր սովորելու համար հանձնարարվող ստեղծագործությունները հայ գրականությունից»,-հավաստեց կենտրոնի մամուլի քարտուղարը, ավելացնելով, որ բառագիտության բաժինը կազմելիս հիմք են ընդունվել ուղեցույցում նշված բառարանները:
Մանուկյանը հիշեցրեց, որ անցած տարի վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է, որ ընդունելության քննությունները պետք է լինեն հնարավորինս հեշտ, իսկ ընթացքը` կանխատեսելի: Դրա համար որոշվել է շտեմարաններ հրատարակել, և քանի որ այն երակարատև գործընթաց է, հաջորդ տարի արդեն կստեղծվեն մասնագիտական խմբեր, որոնք կաշխատեն բնագիտական առարկաների շտեմարանների ստեղծման ուղղությամբ:
ԳԹԿ-ն նաև քայլեր է ձեռնարկել իր կողմից հրատարակած շտեմարանները շուկայում հայտնված նմանօրինակ հրատարակություններից տարբերելու համար: «ԳԹԿ կողմից հրատարակված շտեմարանների վրա գրված է հրատարակչի անունը` Գնահատման և թեստավորման կենտրոն, իսկ առաջին էջը կնքված է ԳԹԿ կնիքով»,-բացատրեց Գ. Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին