Նախարարը պնդում է, իսկ ծնողները շարունակում բողոքել` տետրերը վաճառվում են, ֆոնդերի ու հավաքարարների փողերն էլ հավաքվում
Արձագանքելով Panorama.am-ի` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ հարցազրույցին, որում բարձրաձայնվում է հանրակրթական դպրոցներում ուսուցչական անձնակազմի կողմից աշխատանքային տետրերի վաճառքի թեման Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը արձագանքել է.
«Ոչ մի աշխատանքային տետր այլևս չունի ՀՀ ԿԳՆ երաշխավորություն»:
Սակայն միևնույն ժամանակ փաստենք, որ աշխատանքային այդ տետրերը , որոնք նախարարի պնդմամբ ԿԳ նախարարության երաշխավորության մեջ չեն, շարունակում են ոչ միայն վաճառվել դպրոցներում, այլև գործածության մեջ լինել: Այդպես, հրապարակումից անմիջապես հետո Panorama.am-ի խմբագրություն զանգահարեց Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտի մի ծնող ու պատմեց, որ ինքն էլ ինչպես և նախորդ տարիներին` այս տարի ևս գնել է այդ տետրերը.
«Նախ, ծնողը չգիտի ինչն է օրենքի շրջանակում, ինչը չէ. ուսուցիչը ասում է առ, մենք էլ առնում ենք, մտածելով, որ եթե ասվում է այդ մակարդակում, ուրեմն` այդպես պետք է լինի: Ոչ մեկս ժամանակ չունի հետևելու, թե ինչ հրամաններ է արձակում նախարարը, ի վերջո դրանք մանկավարժների համար են, որպեսզի երեխաները նորմալ կրթություն ստանան և մենք նրանց վստահում ենք… ինչպես հիմա հասկանում եմ` շատ իզուր ենք վստահում»,- պատմեց ծնողը:
Ասաց նաև, որ հրապարակումից հետո չի հավատում, թե մի բան կփոխվի, քանի որ իր երեխան, օրինակ, երկուշաբթի օրը դասի պետք է ներկայանա այդ տետրով.
«Հիմա որ գիտենք, որ երաշխավորություն չունի ի՞նչ է, պետք է վերցնենք ու թափե՞նք այդ տետրը: Բան չեմ հասկանում»,- հավելեց ծնողը:
Նաև հորդորեց, որ ուշադրություն դարձնենք դպրոցի առօրյային , որովհետև այն, ինչի մասին գրվում է, թե դպրոցներում վերացել է դրամաշորթությունը և այլն, ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում.
«Օրինակ, մեզանից 5000 դրամ ֆոնդի փող են հավաքում… ի՞նչ ֆոնդ, ինչի՞ համար է այդ ֆոնդը ոչ մեկիս չի բացատրվում, բայց բոլորս պարտաճանաչ այն վճարում եք: Հլը ու մեկը փորձվի չտա: Բացի դա էլ ամսական 200 դրամ ամեն աշակերտից հավաքարարի գումար են հավաքում, բայց երեխաները իրենք են մնում դասերից հետո, ամենքը մի օր ու մաքրում դասարանը: Հարց` եթե պետք է ես փող տամ հավաքարարի համար, էլ ինչո՞ւ իմ երեխան դասերից հետո, հոգնած մնա ու դասարան մաքրի, ո՞րն է տրամաբանությունը»,-վրդովված շարունակեց Panorama.am դիմած քաղաքացին:
Պատմեց, որ ուսուցչական անձնակազմը ուղղակի էլ չգիտի ինչ անի, որ իրենց այդ դրամաշորթությունները ջրի երես չհելնեն.
«Վերջերս ստուգողներ էին եկել, երեխաս է պատմում, չգիտեմ ինչու երեխաներին ասել էին հոգեբաններ…ինչ կապ ունեն հոգեբանները դպրոցականների հետ ես իհարկե չգիտեմ ու շատ վրդովվեցի, երբ հետո իմացա, որ նման ստուգման են երեխաներին ենթարկում, բայց դե ուշ էր: Հիմա, նախքան նրանց գալը երեխաներին օրեր շարունակ պարտադրում էին դպրոցում փող հավաքելու մասին հարցերին բացասական պատասխան տալ, պատկերացնո՞ւմ եք»:
Բոլոր նրանք, ովքեր դպրոցում սովորող երեխա, քույր կամ եղբայր ունեն շատ լավ այդ ամենի մասին գիտեն, պարզապես լռում են:
Լռում են, որովհետև ամեն անգամ ջրի երես դուրս բերելով այդ խայտառակ փաստերը որևէ բան համակարգում չի փոխվում, մրրիկը խաղաղվում է, և ինչպես մեզ հետ իր մտահոգություններով կիսվող ծնողն է ասում՝ «բոլոր ուսուցիչներն ու հատկապես տնօրենները մնում են իրենց տեղերում, քանզի ամենքի մեջքին ինչ-որ մեկը կա»…
Նախորդիվ`
Ա.Բախշյանը կրթության դեմ հանցագործության, դպրոցի տնօրեններ-վարչության պետեր հանցավոր կապի և այլնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան