Աշոտյան. Բուհերը վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ուսման վարձավճարների շուրջ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ երիտասարդների:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին և նրանց առաջարկել իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որոնց կտրվի գրավոր պատասխան:
Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հացին, թե ինչու են բուհերը վարձավճարների բարձրացման մասին ուսանողներին տեղյակ պահել միայն մայիս ամսին, այն դեպքում, երբ բուհերի կառավարման խորհուրդները շատ ավելի վաղ էին հաստատել բուհերի բյուջեները, ԿԳ նախարարը պատասխանել է. «Բուհերի կառավարման խորհուրդները վարձավճարներ չեն սահմանում, այլ ընդամենը հաստատում են բուհի բյուջեն, ուստի չի կարելի պնդել, թե բուհերի կառավարման խորհուրդները նախապես թաքցրել են թանկացման մասին տեղեկությունը»:
Նրա խոսքով, կառավարման խորհուրդները, սովորաբար, տվյալ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին են հաստատում բուհի բյուջեն՝ հիմնականում հենվելով ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Իրականում ուսանողների թերհամալրման խնդիրն առավել ակնառու դարձավ մարտ-ապրիլ ամիսներին, երբ որոշակիորեն հստակեցվեցին դիմորդների նախապատվությունները՝ կապված այս կամ այն բուհի կամ մասնագիտության ընտրության հետ:
«Ակնհայտ էր, որ բուհերն ունենալու են ուսանողների թերհամալրում, հետևաբար նաև ֆինանսական խնդիրներ»,- նշել է նախարարը:
Երիտասարդները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ ուսանողների համար նախատեսված սոցիալական ծրագրերի, ռեկտորատների որոշումների վերանայման հնարավորության և այլ խնդիրների վերեբերյալ:
Ա. Աշոտյանը հանգամանալից ներկայացրել է խնդիրը՝ նշելով, որ շատ բուհերում ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Բուհերը վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված՝ բուհի հետագա զարգացումն ու որակյալ, մրցունակ կրթություն ապահովելու պահանջից ելնելով, հետևաբար վարձավճարների վերանայումը իրատեսական չէ: «Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով առաջիկայում ընդունելով օրենք, կսահմանվի բուհերի վարձավճարների վերին շեմ: Սեպտեմբերի 1-ից «Փարոս? համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե լավ են սովորում, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում են հստակ պա հանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել:
«Մենք ուսանողների 11 խմբերի համար, թեպետ առաջարկների հիման վրա այդ խմբերի քանակը կարող է փոխվել, հստակ սահմանելու ենք, թե ում քանի տոկոս զեղչ կհասնի: Դա կլինի պարտադիր բոլորի համար, անկախ նրանից, թե բուհի ղեկավարությունն ինչպիսի կապեր և հարաբերություններ ունի այս կամ այն ուսանողի հետ»,- շեշտել է ԿԳ նախարարը և հավելել, որ կառավարությունն օրենքի նախագիծը սեղմ ժամկետներում կուղարկի ԱԺ, և ամեն ինչ կարվի, որ 2014 թվականՍ հունվարից ուսանողական զեղչերի մասին օրենքը արդեն կիրառվի. «Այսինքն լավ սովորող ուսանողը հունվարից արդեն կունենա սոցիալական զամբյուղից օգտվելու հնարավորություն»,- վստահեցրել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ գալիք տարի արդեն նախատեսվում է ավելացնել նաև պետպատվերի տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը նշել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիկական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք հետո լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին՝ կրթության նկատմամբ մտահոգություն ցուցաբերելու համար և հորդորել իրենց առաջարկություններով մասնակից դառնալ մշակման փուլում գտնվող օրինագծի լրամշակման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցները շրջապատեցին նախարարին ու բարձրաձայնեցին իրենց պահանջները: Ի պատասխան, Աշոտյանը նրանց հրավիրեց նախարարություն` իր հետ հանդիպման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան