Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ: Առաջին հայացքից կիսախարխուլ շենքը Վաղատինի միջնակարգ դպրոցն է: Արդեն մոտ 50 տարեկան շինության պայմանները, մեղմ ասած, ոչ բարվոք են:
Դպրոցի տնօրեն Սևադա Գրիգորյանի խոսքով՝ շենքը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է 2001-ին, այն էլ՝ միայն տանիքը: Թեթև կոսմետիկ վերնորոգվել էին նաև պատերը, սակայն ներկը թափվել է, գաջն ու քարերն արդեն երևում են:
Արտաքին պատերը ևս քայքայված են, նույնքան վատ վիճակում է նաև սանհանգույցը: Ներքին հարդարման խիստ անհրաժեշտություն կա:
Դպրոցը 65 աշակերտ ունի: Աշակերտները քիչ են, իսկ դասասենյակները՝ մեծ: Ձմեռը սարերի հետևում չէ, փայտի վառարանով տաքացվող ընդարձակ սենյակների պատուհանների ճեղքերից քամին կարող է հանգիստ ներս մտնել: Տնօրենն օգնության համար դիմել է, խոստացել են, որ կօգնեն:
«Մարզպետին եմ դիմել, խոստացել են, որ մի բան կանեն: Բազմիցս դիմել ենք, վերջին անգամ էլ մի տարի առաջ ենք ասել»,- Panorama.am-ին ասաց Սևադա Գրիգորյանը:
Տնօրենը վստահեցրեց, որ չնայած պայմաններին, երեխաները դասերը բաց չեն թողնում և բացակայում են միայն հիվանդանալիս:
Դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և նախակրթարանի սաներին շուտով լավ նորություններ են սպասվում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ»-ը հոկտեմբերի մեկից կհասնի Վաղատինի դպրոց: Ճաշարանում երեխաներին սնունդ կտրվի: Ծախսերի մի մասը կհոգան ծրագիրն իրականացնողները, մի մասն էլ՝ ծնողները:
Լուսանկարները տրամադրել է Սևադա Գրիգորյանը
Նախորդող հրապարակումներ՝
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում