Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Լոռվա մարզի Դաշտադեմի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը մի քանի օրից երկուսով կպակասի: Վթարային այդ շենքում 11 աշակերտի փոխարեն կսովորեն 9-ը: Մյուս երկուսը, ինչպես տեղեկացրեց գյուղապետ Մարինե Խռոյանը, ընտանիքի հետ տեղափոխվում են Ռուսաստան:
«Պայմաններ էլ չկան, շենքը վթարային է: Փլուզման վտանգ կա: Արտաքին տեսքից երևում էլ է, եկել տեսել են նաև»,- Panorama.am-ի թղթակցին պատմեց գյուղապետը:
Դպրոցի շենքը կառուցվել է 1930-ականներին: Տնօրեն Գագիկ Խռոյանը արդեն 23 տարի է, ինչ ղեկավարում է դպրոցը: Գյուղ եկել է 1989-ին: Մինչ օրս շենքն անգամ չի վերանորոգվել:
«Շենքը ոչ տիպային է: Աշակերտներ քիչ ունենք, դրա համար էլ վերանորոգման ծրագիր չի լինում»,- ասաց նա:
Տնօրենը ևս նկատեց, որ փլուզման վտանգ կա. «Վթարային շենք է, դե այնպես չէ, որ վաղը փուլ գա, բայց ճակատային մասից քարեր ընկել են: Դպրոցին կից կառույցներն էլ փլվել են»:
Այս տարի դպրոցն առաջին դասարան մեկ աշակերտի է ընդունել, նախորդ երկու տարիներին ընդհանրապես առաջին դասարանցի չեն ունեցել: Այս տարի շրջանավարտ էլ չի եղել:
Դասարանները երկկոմպլեկտ են: 1-ին ու 4-րդ դասարանները միացված են, առանձին է 6-րդ դասարանը՝ կես դրույքով, 7 և 8-րդ դասարանները ևս կոմպլեկտավորված են: Մյուս դասարանները չկան: «Կոպլեկտավորածի դեպքում շատ դժվար է: Օրինակ, 1-ին և 4-րդ դասարաններում Այբբենարան ու մայրենի լեզու միաժամանակ պարապելը շատ բարդ է, պիտի հասցնես 45 րոպեում պարապել, բացի դա, ցածր դասարանցին ուշադրությունը դարձնում է բարձրին ու հակառակը, դա բնականաբար, ուսման որակի վրա շատ է ազդում»,- շեշտեց Գագիկ Խռոյանը:
Դպրոցն ունի 15 աշխատող, որից 6-ն ուսուցիչներ են, 2 աշխատատեղ թափուր է: «Հիմիկվա պահանջներին համապատասխան ոչ մի մասնագետը չի կարող աշխատել: Մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն, միայն երկու ուսուցիչ ունենք, որ միջին մասնագիտական կրթությամբ են, նրանք էլ 15-ից ավելի տարվա ստաժ ունեն: Պատմություն և Աշխարհագրություն դասավանդող ուսուցիչն է մեկը, մյուսն է Ռուսաց լեզվինը, որ մանկավարժական ուսումնարան է ավարտել, բայց դպրոցի հիմնադրման օրվանից աշխատում է: Օրինակ Մաթեմատիկայի ուսուցիչը նաև Ֆիզիկա և Քիմիա է պարապում, քիմիան մի ժամ է, ուսուցիչ հրավիրել չի լինում»,- ասաց նա: Տնօրենը տեղեկացրեց, որ Անգլերեն լեզու առհասարակ չեն անցնում:
Գագիկ Խռոյանը պատմեց,որ ձմռանն անտանելի ցուրտ է լինում: Այդ բքից յոթ-ութ մարդ խեղդվել է: «Տարի է լինում, որ ճանապարհները մի քանի ամսով փակվում են, չենք կարողանում գյուղից դուրս գալ: Նորմալ ճանապարհ չունենք, գյուղը Տաշիրից ընդամենը 10 կիլոմետր է հեռու, բայց քառասուն րոպե հարկավոր է, որ այնտեղ հասնենք: Եթե անձրև կամ ձյուն եղավ, հնարավոր է, որ ընդհանրապես չկարողանանք հասնել»,- ասաց նա:
Գյուղապետ Մարինե Խռոյանը նշեց, որ այս պահին գյուղում 130 մարդ է ապրում: Գյուղացիներն ապրուստը հիմնականում վաստակում են անասնապահությամբ, միակ աշխատատեղը դպրոցն է:
Դպրոցի տնօրենն էլ նկատեց, որ գյուղում արտագաղթն ահռելի չափերի է հասնում. «Ես 1990 թվականից այստեղ տնօրեն եմ: Այն ժամանակ գյուղում 324 տնտեսություն կար, այժմ ընդամենը 30 ընտանիք է մնացել: Հիմա էլ կան ընտանիքներ, որ ճամպրուկային տրամադրություն ունեն»:
Նախորդող հրապարակումներ՝
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան