Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրնե րի նախագահները: Բացի այդ, հարցը ներառված է նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
«Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսան ալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը, փոխանցելով ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները, հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին: «Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ «անգին կապիտալը» երկրում պահելու համար»,-նշել է Դավլաթ Նիդոևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները