«Սթրեսը ո՞րն է այդ տարիքի երեխայի համար». Թիվ 56 դպրոցի առաջին դասարանցու ծնողի ահազանգն ու տնօրենի արձագանքը
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի առաջին դասարանն այսօր նոր դասվար կունենա, ինչը դարձել է երեխաների սթրեսի պատճառ: Այս մասին Panorama.am-ին ահազանգեց առաջին դասարանցիներից մեկի ծնողը և հայտնեց, որ իր երեխան սթրեսի մեջ է, երեք ամիս նրան մի դասվար է ուսուցանել, երեխան ընտելացել է նրան, իսկ այժմ տնօրենը նոր դասվար է նշանակել:
Panorama.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանից, ով նախ հայտնեց, որ ինքը գործել է օրենքի սահմաններում, իսկ այսօր արդեն տեղի կունենա առաջին դասարանցիների, նրանց ծնողների և դասվարի հետ հանդիպումը: «Մենք չենք պատկերացրել, որ շատ առաջին դասարանցիներ կհավաքվեն, աշխատանքային օրենսգրքով ժամանակավոր ընդունել ենք ուսուցչին` մինչև մրցույթի կայանալը: Մրցույթը կայացել է, հաղթող ուսուցիչը հաստատվում է այդ տեղում»,- ասաց նա:
Հարցին` առաջին դասարանի երեխաները խոսե՞լ են այդ մասին, դուք ինչպե՞ս եք նրանց բացատրել, տնօրենը պատասխանեց. «Առաջին դասարանի երեխաները չեն կարող խոսել, մենք հանդիպումը նախապատրաստել ենք, որ պիտի կայանա և՛ ծնողների հետ, և՛ երեխաների: Ամեն ինչ թափանցիկ կներկայացվի: Չգիտեմ` ինչ ծնող է շտապել և լրատվամիջոցներին ասել, որը շատ սխալ է, և ես ինքս էլ, որպես տնօրեն, բարկացած եմ, վիրավորված եմ: Երբ որ դպրոց են բերում երեխային, նախ տնօրենի մոտ են գալիս, պայմանագիր են կապում, բացատրում են ամեն ինչ… բոլոր տեսակի հարցերը նախ դպրոցում են պարզում, նոր զանգում լրատվամիջոցներին: Կամայական ոչինչ չի արվել: Անհեթեթ զանգ է, անիմաստ: Այս հասարակությունը, երբ որ լսում է թափանցիկություն, կարծում է խելքին ինչ փչի, պիտի անհանգստացնի, նման բան չկա: Կարգով ենք անում, այսօր կարգերն այնքան լուրջ են, պահանջ են դնում տնօրենի առջև, որ տնօրենը կամայական բաներ չի կարող անել»:
Դիտարկմանը` ծնողներն էլ դժգոհում են, որ երեխաները սթրեսի են ենթարկվել, Սուսաննա Գալստյանն այսպես արձագանքեց. «Երեխաները սթրեսի չեն ենթարկվի, նա նրանց կողքին է, աշխատելու է` այլ աշխատանքի անցնելով: Եվ սթրեսը ո՞րն է այդ տարիքի երեխայի համար: Բա մենք ինչպե՞ս պիտի անենք ձեր կարծիքով, եթե դասարան էր ձևավորվել, և չկար աշխատող: Կարգը պահանջում է` ժամանակավոր, աշխատանքային օրենսգրքով ընդունել մինչև մրցույթի կայանալը: Օրենքի կարգն այնքան է պահպանել, որ նույնիսկ զարմանալի է»:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը կուսումնասիրի, թե ինչ է կատարվել և ընդգծեց, որ ուսուցիչներն ընդունվում են միայն մրցութային կարգով, իսկ որպեսզի դասարանը չմնա առանց ուսուցչի, և դասերը, ուսումնական գործընթացը չտապալվեն, ժամանակավոր ուսուցիչ են ուղարկում:
«Հնարավոր է, որ մրցույթի ժամանակ այն ուսուցիչը, որը տնօրենի հրամանով դասարանում ժամանակավոր աշխատում է, չհաղթահարի մրցութային շեմը և չշարունակի աշխատել: Սա օրենքով սահմանված գործառույթ է, որը պարտավոր է իրականացնել ցանկացած ՊՈԱԿ-ի տնօրեն»:
Ինչ վերաբերում է երեխայի սթրեսին, ապա Գայանե Սողոմոնյանը հասկանում է, որ երեխաները կարող է և ունենալ սթրեսներ: «Ցանկացած տարիքում, մեծերն էլ են ունենում սթրեսներ, բայց մենք` մեծերս պիտի օգնենք երեխային: Ես շատ անհանգիստ ու մտահոգ կլինեմ, եթե իմանամ երեխան ծանր սթրես տանի: Երեխային չի վերաբերում ոչ այդ մրցույթը, ոչ կարգը, նա չի հասկանում այդպիսի բաներից: Ուղղակի պետք է մենք` մեծերս, օգնենք երեխային, այդպիսի հոգեվիճակը խաղաղեցնենք, հանդարտեցնենք, մենք` և տնօրենը, և ծնողը, և ուսուցիչը, և դասվարը… այնպես, որ սրանք շատ հեշտ լուծվող հարցեր են»:
Նա նշեց, որ իհարկե անակնկալ է և դասարանի հավաքվելու դեպքում, և ցանկացած առարկայի դեպքում, երբ ուսուցիչը աշխատանքից ազատվելու խնդիր է ունենում: Ինչից ելնելով էլ ժամանակավոր ուսուցիչ է ընդունվում, որպեսզի ուսումնական գործընթացը չտապալվի: Գայանե Սողոմոնյանը խոստացավ ուսումնասիրել դեպքն ու տալ պարզաբանումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա