ՌԴ բուհեր ընդունվելու միասնական պետական քննություններ` ԱՊՀ ուսանողների համար. Քննարկում
«Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջի թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարությունն էր այն մասին, որ «առաջիկայում ԱՊՀ բոլոր երկրների հետ հարկավոր է ապահովել դպրոցական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ընդունում, ինչպես նաև մշակել, օրինակ, ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի կենտրոնների հիման վրա ռուսական չափորոշիչներով միասնական պետական քննությունների անցկացման կետերի ստեղծման հարցը»։
Մոսկվայի Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարանի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գալինա Կուզնեցովայի բնորոշմամբ այդ քայլը կթեթևացնի ԱՊՀ-ից ուսանողների ընդունելությունը, քանի որ ուսանողների ընդունման հարցում առկա հիմնական խնդիրը փասթաթղթերի ճանաչումն է:
«Երբ ուսանողն արդեն պատրաստ է ընդունվել, հանկարծ բացահայտում է, որ ինչ-որ փաստաթուղթ չի համապատասխանում: Սա առաջին հերթին այդ հարցը կթեթևացնի: Շատ հաճախ ստիպված ենք լինում հավելյալ քննություններ անցկացնել ԱՊՀ ուսանողներին ընդունելու համար: Մի բան է, որ եկել ես ու բերել այնպիսի փաստաթղթեր, որ համապատասխանում են ռուսական չափանիշներին, այլ բան՝ բերել քո երկրի չափանիշներով փաստաթղթերը, հավելյալ անհանգստանալ, մտածել և այլն: Սա շատ կհեշտացնի և ուսանողների, և մեր աշխատանքը»,- ասաց Գալինա Կուզնեցովան:
ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը նկատեց, որ ՀՀ-ն միշտ ողջունել է կառուցողական նախաձեռնությունները: Նա նշեց, որ առկա է ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ համագործակցություն: Կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մեծ փորձ ունենի Հայաստանը, առկա է նաև միջպետական համաձայնագիր դիպլոմների ճանաչման մասին:
«Մենք ամեն տարի ծրագիր ենք իրականացնում, որի համաձայն, մեր շրջանավարտները կրթությունը շարունակում են ՌԴ-ում: Ամեն տարի մոտ երկու հարյուր ուսանողներ են սովորում ՌԴ-ում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ համագործակվության շնորհիվ: Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության որակին: Հիմա Բոլոնյան հռչակագրով մեզ մոտ հանրակրթությունը 12-ամյա է, իսկ ՌԴ-ում 11-ամյա, դա է մի քի բարդացնում հարցը»,- ասաց Տիգրան Սահակյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանը միշտ ուշադրություն է հատկացրել արտասահմանում ուսանողների կրթությանը, հատկապես` ռուսաստանյան բուհերում: «Մենք ողջունում ենք այս քայլը: Հայաստանում կարծում ենք, որ հումանիտար համագործակցությունը պետք է խորացնել ԱՊՀ տարածքում: Ինտեգրացիոն գործընթացներից այն ևս չպետք է հետ մնա: Սրանով նոր հորիզոններ են բացվում, պետք է դրանից օգտվել»,- ասաց նա:
Կիևի Նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ուդոդն իր հերթին նշեց, որ Ուկրաինայի կառավարությունը և ԿԳ նախարարությունն աջակցում են բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել դրսում, այդ թվում՝ Ռուսաստանում: «Որևէ խոչընդոտ չի եղել և չի լինի դուրս գալու և կրթությունը դրսում շարունակելու համար: Մեզ մոտ միջին դպրոցի տարբեր համակարգեր են պարզապես, և համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա»,- ասաց նա:
Մյուս կողմից Ուդոդը նկատեց, որ արևմտյան երկրների հետ համեմատ Մոսկվայում սովորելը թանկ է, և առաջին երկրներից եկած առաջարկներն ավելի ձեռնտու են: «Դրա համար էլ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ուսանողներն իրենք ընտրեն բուհերը»,- ասաց նա:
Քննարկման ընթացքում նաև հարց բարձրացվեց, թե այսօր ՌԴ բուհերի որակը և վարկանիշը որքանո՞վ է բարձր և առաջարկ հնչեց տեղեկատվական արշավ ծավալել, որպեսզի ուսանողներն իմանան` ով որ բարձրության վրա է և ինչ ընտրեն:
Կարդացեք նաև`
Պուտինի այցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԿԳ նախարարությունների ստորագրած հուշագրի մանրամասները
ԿԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացին
Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը` ՀՀ-ում. Ո՞րն է ռուսական երկրորդ բուհն ունենալու անհրաժեշտությունը
Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը
ՀՀ-ն ու ՌԴ-ը սերտ համագործակցություն ունեն կրթական ոլորտում. Միջկառավարական համաձայնագիր կա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա