Ընթանում է Հայաստանի ԳԱԱ տարեկան ժողովը. «Նախանձով էին խոսում երկրի ղեկավարի՝ Ակադեմիայի հանդեպ ցուցաբերող ուշադրության մասին»
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է ԳԱԱ տարեկան ժողովը, որին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց Ակադեմիայի 2013 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները՝ նշելով, որ բոլոր ինստիտուտներում կատարվել է նպատակասլաց աշխատանք:
«Մեզ համար կարևոր էր այս տարին, քանի որ հոբելյանական էր՝ մեծ շուքով նշվեց Գիտությունների Ազգային ակադեմիայի 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար կազմվեց պետական հանձնաժողով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ:
Նախագահն անձամբ մասնակցելով հոբելյանական միջոցառումներին, գիտության մի շարք նվիրյալների պարգևատրելով պետական բարձր պարգևներով, ևս մեկ անգամ կարևորվեց Գիտությունների Ազգային ակադեմիայի դերակատարությունը Հայաստանի գիտական համակարգում: Շատ երկրների ակադեմիաների նախագահներ բարի նախանձով էին խոսում երկրի ղեկավարի՝ Ակադեմիայի հանդեպ ցուցաբերող ուշադրության մասին»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, հաշվետու տարում համակարգի բոլոր գիտական կառույցներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Դրա վկայություն է արտերկրում տպագրված աշխատանքները՝ արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված 773 հոդված, 19 մենագրություն, ինչպես նաև 75 ծրագրերով կատարված աշխատանքներ:
ԳԱԱ նախագահն իր խոսքում կարևորեց միջազգային գիտական համագործակցությունը: Ներկայումս ԳԱԱ ինստիտուտները համագործակցում են արտերկրի գիտնականների, ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների ակադեմիկոսների հետ: Հաշվետու տարում արտասահմանյան երկրներ են գործուղվել ԳԱԱ 547 գիտաշխատող, իսկ արտասահմանից Հայաստան ժամանել է 895 գիտնական:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին, Ռ. Մարտիրոսյանն ասաց. «Սոցիալական դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային պրոբլեմը, որն առավել խոցելի է հատկապես երիտասարդների դեպքում: Հանրապետության նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանանոց շենքի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա վերջին»:
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ: ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատողներ են:
Ժողովի մասնակիցները նաև հոտնկայս հարգեցին 2013 թվականի ընթացքում կյանքից հեռացած ԳԱԱ անդամներ հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան