Հոգեբան. Հոգևորականների հետ շփումները կարող են շրջադարձային լինել երեխաների համար
«Պետք է նախադպրոցական հիմնարկից սկսած հոգևոր հայրերը կամ նրանց կողմից վերապատրաստված ուսուցիչները աշխատանքներ տանեն»,-Մայր Աթոռում անցկացվող «Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
«Այսօր եկեղեցու պատմություն դասավանդողների մեջ կան եհովայի վկաներ, նաև այլ առարկաներ պարապող աղանդների հետևորդ ուսուցիչներ կան: Սա խոսում է այն մասին, որ տվյալ դպրոցների տնօրենները չափազանց հեռու են քրիստոնեական արժեհամակարգից»,- ասաց նա:
«Վորլդ վիժըն» կազմակերպության ներկայացուցիչ, հոգեբան Ինգա Հարությունյանն էլ խոսեց դպրոցներում հոգեբանական աջակցման ծառայության արդի հիմնախնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձավ աշակերտների հոգեբանական առողջության պահպանման հարցում հոգևոր խնամքի դերին: Նրա բնորոշմամբ, սոցիալական անբարենպաստ պայմանների պատճառով հոգեկան և ֆիզիկական շեղումներով երեխաները շատացել են: Մյուս կողմից էլ բացասական երևույթներն են հաճախակիացել, իսկ դրանք էլ զուգակցվում են տնօրենների անտարբերությամբ:
Ինգա Հարությունյանն ահազանգեց թմրանյութերի շրջանառության մասին, ինչին գիտաժողովի մասնակիցներն ավելացրեցին նաև դպրոցներում սառը զենքի շրջանառություն փաստը:
«Դպրոցականների համար բարենպաստ միջավայր ստեղծելը մեծապես կախված է նրանից, թե որքանով են լուծվում նրանց հասունացման ընթացքում առաջացող ճգնաժամերը: Հոգևորականների հետ շփումները կարող են շրջադարձային լինել երեխաների համար: Հոգևորականների և հոգեբանների միասնական ջանքերը դրական հետևանքներ կունենան և կկանխարգելեն խնդիրների տարածումը»,- ասաց հոգեբանը:
Նախորդող հրապարակում՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար