60 մլն դրամ` «Պատանի երկրապահ» ակումբին. ԿԳՆ վարչության պետի հիմնավորումը
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից լրացուցիչ 60 միլիոն դրամ ֆինանսավորում է խնդրում՝ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբին հատկացնելու համար:
ՀՀ ԿԳ նախարարը կառավարության մայիսի 29-ի նիստի հաստատմանն է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը, համաձայն որի, առաջարկվում է երկրորդ եռամսյակում՝ առաջին կիսամյակի համար տրամադրել 30 միլիոն դրամ, երրորդ եռամսյակում՝ 15 միլիոն դրամ և ևս 15 միլիոն դրամ չորրորդ եռամսյակում:
Ըստ նախագծի, գումարն անհրաժեշտ է «Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու համար:
Որոշման նախագծին կից տեղեկանք-հիմնավորման մեջ ասվում է. «2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը ունի 60 միլիոն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, որոնք ակումբը ի վիճակի չէ կատարել և դրա արդյունքում ակումբի հետագա գործունեությունը անհնար է իրականացնել»:
Որոշման ընդունվելուց հետո ԿԳ նախարարությունը գումարը պետք է հատկացնի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Ինչո՞ւ է այդքան գումար հատկացվում և որքանո՞վ է նպատակային այդ ծախսը այն դեպքում, երբ դպրոցներում կա պարտադիր «Ռազմագիտություն» առարկան, որի կաբինետները շատ դպրոցներում կահավորված չեն, համապատասխան գույք և ուսումնական զենք չկա: Հարցի պատասխանը Panorama.am-ը փորձեց պարզել ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությունից:
«Նախարարության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում վարվող քաղաքականության արդյունքում է գումարը տրամադրվում»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:
Նա նշեց, որ այդ խմբակները գործում են տարբեր համայնքների դպրոցներում, գումարը տրամադրվում է արտաուսումնական դաստիրակության այդ խմբակների հետագա աշխատանքները կատարելագործելու համար:
Ինչ վերաբերում է «Ռազմագիտություն» առարկայի կաբինետների կահավորմանը, ապա ըստ ԿԳՆ վարչության պետի, 90 տոկոսը դասարանների կահավորված է և ունի անհրաժեշտ ուսումնական զենքը:
«Մեր ունեցած տվյալներով, մնացել են միայն այն դպրոցները, հատկապես Երևանում, որոնք տարրական կրթություն են իրականացնում: Մնացած բոլոր դպրոցներն ունեն ուսումնական զենք: Տրամադրում ենք նաև երկրորդ ուսումնական զենքը` տնօրենի հայտի հիման վրա: Կահավորված են բոլոր դասարանները, երկու տարի առաջ ԿԳՆ-ն դպրոցների տվեց 15 մենամարտ-վարժասարք, որի արժեքը 8 մլն դրամ է»,- ասաց նա:
Նշենք, որ գյուղական դպրոցներ կան, որոնց աշակերտներն այս առարակի ընթացքում բացի մեթոդական պաստառից, ոչինչ չեն տեսել: «Ռազմագիտություն» առարկայի դասավանդմանն առնչվող խնդիրներին և արտաուսումնական նշված խմբակի արդյունավետությանն առավել մանրամասն Panorama.am-ը կանդրադառնա առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները