Քննական կենտրոնի բուժկետի տված եզրակացությունն է միայն հիմք. ԳԹԿ
2014 թվականի միասնական ընդունելության քննությունների առաջին օրը դիմորդները հանձնել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից քննություն: ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր գործել է ընդհանուր առմամբ 13 քննական կենտրոն. «Կենսաբանություն» առարկայից քննություն պետք է հանձնեին 1269 դիմորդ, «Աշխարհագրությունից»՝ 286, «Ընդհանուր պատմությունից»՝ 155:
Իսկ թե քանի դիմորդ չի մասնակցել այսօրվա քննություններին, դեռևս հայտնի չէ, քանի որ, ԳԹԿ տնօրենի խոսքով, իրենք այս պահին հենց այդ աշխատանքներով են զբաղված:
«Սովորաբար բացակաները շատ չեն լինում»,- նշեց Գ. Մելիքյանը՝ հավելելով, որ հարգելի պատճառներով բացակայող դիմորդները կարող են մասնակցել քննությունների երկրորդ փուլին, որը կայանալու է հուլիսի սկզբին:
Նա հայտնեց, որ այսօր Երևանի թիվ 62 ավագ դպրոցում միասնական ընդունելության քննություն հանձնելու ժամանակ դիմորդներից երեքի ինքնազգացողությունը վատացել է և նրանք ընդհատել են քննությունը:
«Երեք դիմորդներն էլ կմասնակցեն քննությունների երկրորդ փուլին»,- ասաց ԳԹԿ տնօրենը:
Panorama.am-ի հետ զրույցում ԳԹԿ իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին իրավաբան Լիլիթ Սաֆարյանն ասաց, որ եթե դիմորդը քննության ընթացքում իրեն վատ է զգում, նախ պետք է այդ մասին տեղեկացնի ԳԹԿ ներկայացուցչին կամ քննական կենտրոնի ղեկավարին, որոնք էլ նրան կուղեկցեն քննական կենտրոնի բուժկետ:
«Սովորաբար դիմորդների ինքնազգացողությունը վատանում է նյարդային հուզումների պատճառով: Բժիշկը ցույց է տալիս համապատասխան օգնություն, անհրաժեշտության դեպքում տալիս ցավազրկողներ: Եթե դիմորդը ի վիճակի չի լինում շարունակել մասնակցել քննությանը, բժիշկը համապատասխան եզրակացություն է տալիս, դիմորդը այն ներկայացնում է բողոքարկման հանձնաժողովին: Վերջինս համապատասխան որոշում է կայացնում՝ արդյոք թույլատրվելու է դիմորդին մասնակցել քննությունների երկրորդ փուլին, թե ոչ»,- ներկայացրեց Լ. Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ բողոքարկման հանձնաժողովն ընդունում է միայն տվյալ քննական կենտրոնի բուժկետի տված համապատասխան եզրակացություն. «Լինում են դեպքեր, երբ դիմորդը վատ է զգում, դուրս է գալիս քննական կենտրոնի տարածքից, որոշ ժամանակ անց ներկայացնում է պոլիկլինիկայից կամ այլ բժշկի կողմից գրված եզրակացություն: Դրա իրավունքը դիմորդները չունեն»:
«Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կառավարության որոշման համաձայն՝
«Հարգելի պատճառով ներբուհական և կենտրոնացված քննությանը չներկայացած դիմորդներն ընդունող հանձնաժողով են ներկայացնում դիմում և բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդունում է դիմումները, ստուգում և փաստաթղթերը ներկայացնում բողոքարկման հանձնաժողով` լրացուցիչ քննության թույլատրելու համար: Ներբուհական և կենտրոնացված քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի կողմից: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոնի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:
Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը»:
Նշենք, որ ամբողջ Հայաստանում գործում է 34 քննական կենտրոն: Բոլոր կենտրոնները գործելու են միայն «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա