ԳԹԿ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության միջին միավորը նախորդ տարվա համեմատ բարձրացել է
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքների բողոքարկման գործընթացը կշարունակվի այսօր մինչև ժամը 18:00-ն: Panorama.am-ի հետ զրույցում ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանն ասաց, որ մինչ այս պահը այս առարկայի թեստերի բովանդակության հետ կապված որևէ դիմում-բողոք չեն ստացել:
«Բողոքները տեխնիկական բնույթի են: ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոնից տեղեկացա, որ արդեն ութ դիմում-բողոք կա»,- ասաց նա՝ հավելելով, որ վիճակագրությանը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմում-բողոքների թիվը նվազել է:
Օրինակի համար ԳԹԿ ներկայացուցիչը նշեց, որ «Կենսաբանություն» առարկայից ստացել են տեխնիկական բնույթի 43 դիմում-բողոք. «Եթե դիմորդի մտավախությունը ճիշտ է, որ թիվը գրել է ճիշտ, բայց համակարգչի կողմից չի ճանաչվել, խնդիրը կլուծվի ի օգուտ դիմորդի: Բոլոր բողոք-դիմումները հավաքելուց հետո նորից կհրապարակենք միավորները»:
Նշենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության արդյունքները հրապարակվել են նախօրեին: Ա. Իսպիրյանը տեղեկացրեց, որ քննությանը մասնակցել է 7328 դիմորդ, որից 9,5 տոկոսը ստացել է անբարար, 114 հոգի՝ առավելագույն՝ 20 միավոր:
Միջին միավորը կազմել է 13,24: Նախորդ տարվա համեմատ, միջին միավորը բարձրացել է 0,24-ով, 20 միավոր ստացողներն ավելացել են 13-ով:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 10-ին դիմորդները հանձնել են քննություն «Ֆիզիկա» առարկայից: «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության արդյունքները կուղարկվեն քննական կենտրոններ հունիսի 15-ին: Քննության արդյունքները կարելի է բողոքարկել հունիսի 16-ին, ժամը 9:00-18:00-ն:
Դիմորդները հունիսի 13-ին հանձնելու են միասնական քննություն «Օտար լեզու» առարկայից:
Նախորդող հրապարակումներ՝
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա