Նախարար. Ուսուցիչների նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը մի քիչ խարխլվել է
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում այսօր մարդաշատ էր: Շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանն այսօր մասնակցեցին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց, որ մանկավարժի դերը պատմական է:
«Այո, նա ամենաբարձր վարձատրվող աշխատողը չէ Հայաստանում, այո, դա դժվար աշխատանք է, որովհետև մանկավարժը նաև հասարակության անդամ է, և պետք է դպրոց մտնելիս շեմին թողնի իր անձնական, սոցիալական խնդիրները: Ուսուցիչների նկատմամբ այն պաշտամունքային վերաբերմունքը, որ ունեինք տարիներ առաջ, մի քիչ խարխլվել է, հանրային ընկալումն ուսուցիչների նկատմամբ հեռու է ցանկալիից»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ գլուխ է խոնարհում այն հազարավորների առաջ, ովքեր իրենց գործը փառքով և պատվով անում են:
«Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին տրանսֆորմացվում է: Բավական ժամանակակից կրթական ծրագրեր է իրականացնում, վերանայում է կրթության բովանդակությունը, հետաքրքիր է դարձել կրթական պրոցեսն ու ժամանակակից է դարձել այն գիտելիքն ու հմտությունը, որ տրվում է այստեղի շրջանավարտներին»,- շեշտեց նա:
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ, միջազգայնացված բուհերից մեկն է Մանկավարժականը և վաղուց դադարել է լինել զուտ մանկավարժական համալսարան: Նրա խոսքով, ավելի շատ հասարակական, սոցիալ-հումանիտար գիտություններով է ճյուղավորվում, ինչը բնական է:
«Մանկավարժական համալսարանում որոշակի հաջողություններ կան»,- ասաց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և հավելեց, որ ամեն ինչ անում են, որ իրենց կոչումը պահեն: Նա որպես ձեռքբերում առանձնացրեց շրջանավորտների հետագա ճակատագրով զբաղվող կառույցի ստեղծումը: Ըստ նրա, ամեն ինչ արվում է, որ Կարիերայի կենտրոնի ինստիտուտը չլինի ձևական:
«Մի քիչ հակասական իրավիճակ է, մի կողմից գործատուները ցանկանում են ունենալ որակյալ մասնագետներ, մյուս կողմից հայտնի է իրավիճակը մասնագետների գործազրկության հարցում: Կարծես թե այսօր կապն այնքան բարեհաջող չէ: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որոշ արդյունքներ կան, իսկ անելիքները շատ են»,- ասաց նա:
Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտած Ասպրամ Քոսակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց համար շատ կարևոր օր է, հատկապես ոգևորիչ ու պարտավորեցնող է, որ դիպլոմները Հանրապետության Նախագահից են ստանում:
«Մտնում ենք նոր կյանք, պետք է մեր ձեռք բերած գիտելիքները կարողանանք կիրառել մանկավարժական գործունեության մեջ, որպեսզի իրականացնենք մատաղ սերնդի դաստիարակությունը»,- հավելեց նա:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ նախագահ. Մանկավարժի մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են