ՀՀ նախագահ. Մանկավարժի մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների համար այսօր հատուկ օր է: Բուհի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ բակալավրն ու մագիստրատուրան գերազանց ավարտած ուսանողներն իրենց դիպլոմները ստացան ՀՀ Նախագահից:
Դիպլոմները հանձնելուց հետո Նախագահը նկատեց, որ դիպլոմ ստանալ, չի նշանակում արդեն դառնալ մանկավարժ: Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ:
«Դուք ընդամենը դիպլոմ եք ստացել` իրավունք դպրոց, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու համար պետք է շատ ջանք թափել: Ձեզ համար ավարտվել է ուսումնական այս շրջանը, դրանով ոչ թե ավարտվում, այլ, միգուցե, սկսվում է ուսումնառության տևական փուլը, քանի որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, որպեսզի գոհ լինի իրենից և հասարակությանը մեծ օգուտ տա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ մանկավարժի մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են:
«Վաղը, երբ դուք մտնեք դասարան և այնտեղ հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված կլինեն հետաքրքրասիրությամբ, միշտ հիշեք, որ նրանք իրենց ծնողների և Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, միշտ հիշեք, որ ձեզ է նայելու վաղվա Հայաստանը»,- շեշտեց նա:
Երկրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իշխանությունները ուսումնական տարվա սկզբին հանդես են գալու կարևոր և պետության համար ծախսատար ծրագրով. «Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականցմանը, կլինեն պետության և հասարկության ուշադրության կիզակետում»:
Նախագահը ծրագրի մանրամասները չներկայացրեց՝ նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:
Ուսանողներն ընդգծեցին, որ իրենց համար շատ մեծ անակնկալ էր ու պարտավորեցնող է ավարտական փաստաթուղթը Նախագահից ստանալը:
ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ` այստեղ:
Լուսանկարներն` այստեղ