«Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո 12-ամյա պարտադիր կրթության վրա»
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր անդրադառնալով կրթության և գիտության նախարարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, նշեց, որ շեմը բարձրացնելու գաղափարը լավն է, սակայն իրականացնելը այսօրվա դրությամբ անհնար է:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունն առաջարկում է պարտադիր համարել ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:
«Ցանկացած գեղեցիկ գաղափարը, որ չհիմնավորված նախապես դնում ես քննարկման, ստացվում է ավելի վատ արդյունք, քան կարող էր լինել, եթե դրան նախապես պատրաստված գնայիր: Ավագ դպրոցի ներդրումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես այն բոլորի համար դարձնել հասանելի, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,- նշեց Ա.Մանուկյանը:
Նրա խոսքերով` կրթությունը ամենակոնսերվատիվ բարեփոխումների ենթարկվող համակարգերից մեկը պետք է լինի: Մի քանի ամիս առաջ, ըստ պատգամավորի, այս փաստաթուղթն այլ տեսք ուներ, այսօր քննարկման է դրվել այլ փաստաթուղթ` սկզբունքային բարեփոխումներով:
«Թեպետ, հիմա էլ ինչ-որ բաներ փոխելուց հետո նույն խնդիրները մնացել են օդից կախված»,- ասաց նա:
Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ-ի 1400 դպրոցից ընդամենը 860 դպրոցում է իրականացվում միջնակարգ կրթություն: Բացի այդ, 250-300 դպրոց կա, որտեղ 100-ից ավելի աշակերտ չկա:
«Մենք 12-ամյա պարտադիր կրթություն իրականացնել ուղղակիորեն չենք կարող: Կան դասարաններ, որտեղ 4 աշակերտ կա, էդ ո՞նց եք 12-ամյա կրթությունը սարքում պարտադիր: 109 ավագ դպրոցներից միայն 9-ն է գյուղական համայնքներում, ինչպե՞ս եք դա իրականացնելու: Սիրուն գաղափարը կարելի է տալ ջարդուփշուր անել, համակարգը ոչնչացնել, երբ դասագրքային, շենքային, մեթոդական ռեսուրսով դրան դեռ պատրաստ չես: Ինձնից ոչ մեկդ ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է զգույշ մոտենալ: Այստեղ վիրահատական բաներ չի կարելի անել»,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ ծրագրի իրականացման համար ֆիզիկական ու տեխնիկական հնարավորություն չկա:
Պատգամավորը նաև նշեց, որ աշակերտի պարտականությունը սահմանել են մինչև 19 տարեկան, սակայն 19 տարեկանը լիարժեք քաղաքացի է, ում հնարավոր չէ պարտադրել:
«Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո 12-ամյա պարտադիր կրթության վրա: Պետք է ոչ թե պարտադրել, այլ երաշխավորել: Սա դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն: Չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել, դուք ասում եք կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք: Ոչ թե տարիքը պետք է ֆիսքել, կրթության շեմը ֆիքսել, այլ պետք է ծրագրի մասին խոսեք: Պետությունը պետք է երաշխավորի ծրագիրը, որն կապահովի կրթության իրացումը»,- ընդգծեց Ա.Մանուկյանը:
Պատգամավորի խսքերով` օրենքի նախագիծը պետք է մանրամասն քննարկել, որպեսզի որևէ խոցելի տեղ չլինի: Ըստ Ա.Մանուկյանի` եթե պետությունը չի կարողանում ապահովել կրթություն ստանալու իրավունքը, ապա ինչպես կարող է պարտադրել 12-ամյա կրթությունը:
«Կրթության համակարգում մի արեք սենց բաներ, հրատապ արած բարեփոխումները վնասում են, էստեղ շատ ավելի սոցիալական խնդիր կա, քան կրթական, եթե կոշիկով ու շորով չենք կարողանում ապահովենք, ո՞նց ենք պարտադիր սարքում 12-ամյա կրթությունը»,- ասաց պատգամվորը` հավելելով, որ պարտադրանքը բերելու է ձախողման:
Նախորդիվ`
Առաջարկվում է կրթության նվազագույն շեմը դարձնել 12-ամյա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում