Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցները ընդունել են հայտարարագիր
Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցները միջոցառման ավարտին ընդունել են հայտարարագիր: ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացնում են հայտարարգիրն ամբողջությամբ:
«Մենք` բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատու նախարարներս և Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակից պատվիրակությունների ղեկավարներս, հանդիպելով Երևանում, վերահաստատում և շարունակում ենք բարձրագույն կրթության ոլորտը զարգացնելու գործընթացի մեր համագործակցությունը՝ ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը հավատարիմ պետական մարմինների, բարձրագույն կրթական հաստատությունների, ուսանողների և աշխատակազմերի հետ: Մենք ընդգծում ենք մեր հետաքրքրությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) և դրա սկբունքների կիրառման հանդեպ` որպես համագործակցության հաջողված օրինակ բարձրագույն կրթության ոլորտում, որը կարող է կիրառվել նաև այլ տարածաշրջաններում: Մենք նաև ընդունում ենք այդ տարածաշրջանների ներդրումը այս համատեքստում՝ նկատի ունենալով նրանց քաղաքական փորձը և գործելակերպը ԵԲԿՏ-ի շարունակական զարգացման համար:
Քաղաքական անկայունությունը մեր երկրներից շատերում, գործազրկության բարձր մակարդակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքով աճող միգրացիան, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության պակասը՝ մեր առջև ծառացած մարտահրավերներից են: Միևնույն ժամանակ մեր երկրներում տեղի ունեցող ազգային զարթոնքը հույս է առաջացնում մարդկանց մոտ ավելի ժողովրդավարական և հանդուրժող հասարակությունների ձևավորման համար, որը հնարավորություն կընձեռի անձնական զարգացման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի զարգացման համար: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները պետք է խթանեն ժողովրդավարական մշակույթի զարգացումը և զինեն մեր հասարակությունները գիտելիքներով, ընկալմամբ և այն որակներով, որոնք կաջակցեն դիմակայելու առկա մարտահրավերները: Այս ամենին հասնելու հաստատուն գրավականը աշխատակազմի և ուսանողների ակադեմիական ազատության և բուհերի ինքնավարության և ներգրավվածության ապահովումն է:
Ավելին, ուսանողների և աշխատակազմերի շարժունությունը խթանում է նոր գիտելիքների ստեղծումը և փոխանակումը, ինչպես նաև օժանդակում փոխադարձ վստահությանը և ըմբռնմանը: Տեխնոլոգիական սրընթաց զարգացումները ազդեցություն կունենան բարձրագուն կրթության և դրա բարեփոխումների վրա:
Այսպիսով, քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը ԵԲԿՏ-ի և ՄԱՀԱԱՍ-ի (Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Ասիա) միջև պետք է լինի շարունակական և ավելի ամրապնդվի, հաշվի առնելով մեր երկրներին կամ տարածաշրջաններին բնորոշ տարբեր կրթական, քաղաքական, տնտեսական և մշակութային առանձնահատկությունները: Մենք բացահայտել ենք մի շարք ընդհանուր մարտահրավերներ, որոնք պետք է առաջ մղեն մեր ապագա համագործակցությունը. սա ներառում է ժողովրդագրական փոփոխությունները, շրջանավարտների գործազրկությունը, մեր երկրների վրա ներազդող տնտեսական և քաղաքական ճգնաժամերը, կարծրատիպերի տարածումը, ոչ բավարար միջմշակութային երկխոսությունը, աճող ծայրահեղականությունը և արմատականացումը:
Մենք կաշխատենք ակադեմիական համայնքի հետ զարգացնելու բարձրագույն կրթության առանցքային դերը՝ վերոնշյալ մարտահրավերները դիմակայելու և ձևավորելու այնպիսի հասարակություններ, որոնց մենք ձգտել ենք: Ավելին, մենք պետք է փորձենք գտնել ուղիներ, որոնք կրթական բարեփոխումների միջոցով կնպաստեն այդպիսի հասարակությունների կայացմանը:
Այդ նպատակով մենք կհիմնվենք մեր ընդհանրությունների վրա՝ միաժամանակ հնարավորություն տալով անհատական կրթական համակարգերին հետևելու իրենց ավանդույթներին և առանձնահատկություններին: Քաղաքական երկխոսության բազմազանությունը և տարբեր ասպեկտները ենթադրում են ներգրավվածություն բոլոր մակարդակներում` տարածաշրջանային, ազգային և ինստիտուցիոնալ:
Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի անկյունաքարը ԵԲԿՏ-ի, ՄԱՀԱԱՍ-ի և սահմանակից երկրների միջև համագործակցության ամրապնդումն է: Կարևոր է այն վստահության ամրագրումը, որ բարձրագույն կրթությունը պատրաստ է առերեսվել արդի մարտահրավերներին: Բարձրագույն կրթության բարեփոխումները կբարելավեն բարձրագույն կրթության որակը և կնպաստեն գործազրկության կրճատմանը՝ երիտասարդների՝ հատկապես կանանց շրջանում: Այն նաև ուղղված է կառուցվածքային բարեփոխումների դերի բարձրացմանը, ինչպես նաև` շարժունության սխեմաների և համատեղ ծրագրերի իրականացմանը:
ԵԲԿՏ-ի կառուցվածքային բարեփոխումները և թափանցիկության գործիքները, ինչպես նաև նմանատիպ նախաձեռնությունները այլ տարածաշրջաններում պետք է հիմք ծառայեն տարածաշրջանային հետագա համագործակցության համար` հիմնվելով տարբեր միջազգային կառույցների, պետական մարմինների և բուհերի կողմից իրականացված ընթացիկ նախագծերի արդյունքների վրա: Այն ներառում է ուսումնառության արդյունքների և կրթական ծրագրերում ընհանուր հղումների կիրառումը՝ ուսումնական ծրագրերի նախագծման և փոխանցման մեջ, որակի ապահովման կարողությունների զարգացումը, որակավորումների շրջանակի զարգացումը, շարժունությունը և ճանաչումը, ինչպես նաև կրեդիտային համակարգը, համատեղ աստիճանների ծրագիրը և դոկտորական կրթությունը:
Մեր հետագա համագործակցության շրջանակներում մենք մասնավորապես կարևորում ենք`
Որակավորումների ազգային շրջանակների, ինչպես նաև մեթոդաբանության զարգացում՝ ԵԲԿՏ-ի ազգային շրջանակներում համադրելիության հաստատման համար՝ ՈՇ-ԵԲԿՏ - և ՄԱՀԱԱՍ երկրների կողմից մշակված ազգային շրջանակների համատեքստում:
Որակի ապահովման ոլորտում համագործակցության ընդլայնում՝ նպատակ ունենալով զարգացնել փոխվստահությունը մեր կրթական համակարգերի և որակավորումների միջև: Մենք պետք է խրախուսենք մասնակից երկրների որակի ապահովման գործակալություններին՝ միանալու Եվրոպական որակի ապահովման ռեգիստրին:
Որակավորումների փոխադարձ ճանաչման պայմանների բարելավում` արդյունավետ տեղեկատվությամբ, համատեղ զարգացման ու ճանաչման պրակտիկայի եւ մեթոդաբանության տարածման միջոցով: Մենք խրախուսում ենք ՅՈՒՆԵՍԿՕ – ին նախաձեռնել Միջերկրական տարածաշրջանի եւ արաբական պետությունների տարածաշրջանային կոնվենցիաների վերանայումը` նպատակ ունենալով ներառել ԵԽ/ՅՈՒՆԵՍԿՕ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին շրջանում վերանայված տարածաշրջանային կոնվենցիաների հիմնական սկզբունքներն ու դրույթները, ինչպես նաև ակտիվացնել Միջերկրածովյան ճանաչման տեղեկատվական կենտրոնների (ՄՃՏԿ) ցանցի աշխատանքները:
Համագործակցություն կրեդիտների փոխանցման համակարգի զարգացման և իրականացման համատեքստում՝ հիմք ընդունելով Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգը (ԵԿՓՀ) և վերջերս վերանայված կիրառման ուղեցույցը:
Ավելին, հիմք ընդունելով վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի ունեցող քաղաքական անկայությունները, ժողովրդավարության դեմ հարձակումները և օրենքի գերակայությունը, ընդգծում ենք բուհերի միջև շարունակական համագործակցության կարևորությունը և մեր հանձնառությունը` աջակցելու համատեղ ծրագրերի, ինչպես նաև ուսանողների և աշխատակազմերի փոխանակմանը: Այս դիրքորոշումը միտված է ամրապնդելու ԵԲԿՏ-ի և գործընկեր երկրներում բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունները՝ այդպիսով նպաստելով բարձրորակ կրթության և հետազոտության վրա հիմնված ժողովրդավարական զարգացումներին:
Մեր և ԵԲԿՏ-ի անդամ երկրների հետագա հաջող համագործակցության համար կարևոր է հաշվի առնել նաև այլ տարածաշրջանային գործընթացները:
Մենք` բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարներս և Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակից պատվիրակությունների ղեկավարներս, գիտակցում ենք, որ հաջող քաղաքական երկխոսությունը ենթադրում է տարբեր աշխատանքային մեթոդների կայուն կիրառում՝ ինչպիսիք են կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատանքային խմբեր, ուսումնասիրություններ, փորձնական ծրագրեր և փորձի փոխանակման միջոցառումներ՝ Բոլոնիայի քաղաքականության ֆորումների միջև ընկած ժամանակափուլերում: Մենք հանձնառում ենք իրականացնել նման համագործակցությունը մեր երկրների և տարածաշրջանների համար և ակնկալում Բոլոնիայի քարտուղարության հետ սերտ գործակցությամբ` Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի, Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի և ՄԱՀԱԱՍ երկրների ներկայացուցիչների վերահսկողությունը այս համագործակցությանը:
Բոլոնիայի հաջորդ քաղաքական ֆորումը տեղի կունենա նախարարական գագաթաժողովի հետ համատեղ` 2018 թվականին, Ֆրանսիայում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները