Այս կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր. Ա. Աշոտյան
«Չեմ կարծում, որ ինձ կարելի է պատասխանել նման տեսանյութերով: Կարծում եմ, որ պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլև հեռանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` անդրադառնալով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի` օրերս «սեքս-սկանդալի» գործով հրապարակած տեսանյութին:
«Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները: Ես այդ տեսանյութ կոչվածը տեսել եմ ամիսներ առաջ, հենց ինքն էր ինձ բերել ցույց տալու: Ճիշտն ասած այդ գործն ինձ քիչ է հետաքրքրում, այն պետք է ավելի շատ հետաքրքրի պատկան մարմիններին»,-նշեց նախարարը և ավելացրեց, որ այդ տեսանյութն իր մոտ ընդամենը հարցեր է առաջացրել:
«Եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչու մոտ մեկ տարի ընթացող գործում այն կոնկրետ արդյունքներ չտվեց: Եթե դա ապացույց է, ապա ինչ իրավունքով է որևէ մի կողմ հրապարակում ընթացող, չփակված քրեական նյութերը: Եվ ամենակարևորը` որտեղից այդ տեսանյութի կադրերը. ինձ` որպես երևանցի, հետաքրքրում է` իմ կամ ձեր անձնական տեղաշարժման մասին ինֆորմացիան ինչ իրավական հղումով կամ հիմքով է այս կամ այն ՍՊԸ-ն կամ կազմակերպությունը տրամադրել ինչ-որ մեկին»,- ընդգծեց Աշոտյանը:
Աշոտյանը նկատեց՝ եթե մարդն ասուլիս է հրավիրում, որպեսզի հաշվետու լինի իր մեկ տարվա կատարած աշխատանքների համար և ասուլիսի 90 տոկոսը նվիրում է անձնական արկածներին, դա արդեն բուհի համար վատ է և փաստում է, որ մի բան այն չէ:
«Ես ոչ մեկի կողմից չեմ, ես բուհի կողմից եմ, այդ սկանդալ կոչվածը ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ»,-նշեց նախարարը:
Լրագրողների հարցին, թե ով կդառնա համալսարանի ռեկտոր, նա պատասխանեց, որ ԿԳՆ-ն ունի իր ձայները, այդ ձայները տնօրինում են նախարարությունը ներկայացնող մարդիկ, իսկ նախարարությունը կառավարության մաս է և պաշտպանում է բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր այս ընթացքում նաև տուժել են հանիրավի գործողություններից, հատկապես` ուսանողներին. «Թույլ չեմ տա, որ պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մազ պակասի: Ես որոշակի տեղեկություններ ունեմ ճնշումների մասին, գիտեմ, որ տարբեր մարդկանց վրա փորձում են տարբեր կերպ դուրս գալ, բայց այս կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր»:
Անդրադառնալով իր և Թոքմաջյանի հարաբերություններին՝ Աշոտյանը ասաց, որ չի մեկնաբանում անձնական հարաբերությունները, քանի որ որպես նախարար իրեն հետաքրքրում է կրթությունը, բուհը. «Ես Թոքմաջյանին դիտարկում եմ որպես պոլիտեխնիկի ռեկտորի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար անձ, մարդ, որն այս պահին բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրված երկու թեկանծուներից մեկն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննես Թոքմաջյանը` իր անվան հետ կապված վիրտուալ սկանդալի մասին
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Պոլիտեխնիկի ռեկտորի սկանդալային գործից
Թոքմաջյանը բացատրություն է տվել իր ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ
Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները