«Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ»՝ կրթական նոր նախագիծ «Այբ»-ում (լուսանկարներ, տեսանյութ)
«Լույս» և «Այբ» հիմնադրամները Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ Հայաստանում հյուրընկալում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը, որը յուրահատուկ կամուրջ է աշխարհի և Հայաստանի գերազանցության կենտրոնների միջև:
Այն նախագծել և իրականացնում է Հայաստանում «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաների» (Global Teaching Labs) ձևաչափով փորձնական դասընթացը, որի նպատակն է ուսումնական նոր մշակույթ ձևավորել Հայաստանում:
Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է դասամատուցման «շրջված դասասենյակի» մեթոդը. աշակերտները նախ տանը յուրացնում են ՄՏԻ-ի (MIT) ուսումնական նյութերի առցանց հարուստ շտեմարանի նյութերը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականորեն` աշխատելով ՄՏԻ-ից ժամանած երիտասարդ դասախոսների հետ, որոնց շարքում ընդգրկված են «Լույսի» կրթաթոշակառուներ: Դասընթացի ժամանակ աշակերտներն ուսումնասիրում են իրենց համար միանգամայն նոր առարկաներ, այդ թվում` համակարգչային նյարդաբանություն, մեքենայական ուսուցում, էլեկտրականություն ու մագնիսականություն և այլն:
Դասընթացը մեկնարկել է հունիսի 22-ին և կավարտվի հուլիսի 31-ին: Այն անցկացվում է «Այբ» դպրոցում, որը համալրված է ուսումնական այս գործընթացի համար անհրաժեշտ լաբորատորիաներով: Ծրագրին մասնակցում են Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներ ներկայացնող շուրջ 110 աշակերտներ, ովքեր ծրագրի ողջ ընթացքում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության «Վահե Կարապետյան» կենտրոնում: ՀԲԸՄ-ը կազմակերպում է նաև աշակերտների արտադասարանային առօրյան` նրանց ծանոթացնելով մշակութային հետաքրքիր կենտրոնների հետ:
«Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցելով «Լույս» հիմնադրամի հետ կարողանում ենք Հայաստանում իրականացնել մի շարք կարևոր կրթական նախաձեռնություններ»,-այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի` կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Երբ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր ես առաջարկում, և դրան մասնակցում են արդեն իսկ փորձառու ուսուցիչներ, նրանք ասում են, թե ամեն ինչ գիտեն: Երբ թրենինգները սկսեցին, մեր ուսուցիչներից մեկը երրորդ օրն ասաց, որ այս երեք օրերի ընթացքում մենք ավելի շատ բան սովորեցինք, քան հինգ տարիների ընթացքում բուհերում: Սա շատ կարևոր է»,-ընդգծեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա հայտնեց, որ այս ծրագիրը անվանում են նաև «Շրջված դասարան»: Այն ավանդական ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ չի նախատեսում: «Շրջված դասարաններում» աշակերտները ոչ թե գալիս են ինչ-որ նոր բան լսելու, այլ գալիս են նախապես նյութն ուսումնասիրած:
ՀԲԸՄ-ին շնորհակալություն հայտնելով, նա նշեց, որ այս միությունը շատ մեծ դեր է կատարել հայկական կրթության զարգացման գործում. «Իմ խորին համոզմամբ, կրթությունը պետք է լինի հասարակության առաջատար ուժը»:
Հանդիպմանը ներկա ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վասկեն Յակուբյանն էլ կարևորելով այս ծրագիրը՝ շեշտեց, որ մեկ նպատակ կա` սփյուռքում պահպանել հայկական մշակույթը, ազգությունը և ինքնությունը. «Միշտ փորձում ենք մեր դպրոցները պահպանել և ընդլայնել, դա հեշտ չէր: Այդ նպատակով էլ Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծեցինք»:
Նա նկատեց, որ վերջին քսան տարիների ընթացքում հաջող ծրագրերի թիվը ավելանում է հատկապես ուսումնական ոլորտում:
«Պետք է մեր ռեսուրսները համատեղվեն և համադրվեն: Այդ նպատակով մենք սկսել ենք մեր համագործակցությունը տարբեր ուսումնական ծրագրերի հետ»,-նշեց Վազգեն Յակուբյանը՝ կարևորելով համագործակցությունը «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ:
«Ես համոզված եմ, որ նախ` ուսանողները շատ մեծ օգուտ կստանան այս ծրագրից: Կարծում ենք, որ այն մնայուն կլինի, քանի որ ունենք այս գերազանցության կենտրոնները: Ծրագիրը մեզ կօգնի բարելավելու կրթության որակը: Մեր գլխավոր նպատակն է, որ երեխաներն իրենց տեսական գիտելիքներն օգտագործեն գործնական նպատակում»,-ասաց հանդիպմանը ներկա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սվերցան՝ ավելացնելով, որ հիացած է հայ ուսանողների մակարդակով:
Նա հայտնեց, որ ՄՏԻ-ի (MIT) ուսումնական ծրագիրն այժմ ներդրված է աշխարհի 30 երկրներում:
UCL-ի կրթության ինստիտուտի ավագ դասախոս Յացեկ Բրենդին էլ նշեց, որ հետաքրքրվել և շատ է ցանկացել աշխատել Հայաստանի հետ. «Այս երկու օրվա ընթացքում ես ականատեսը եղա, թե հայ ուսուցիչները ինչքան արագ են ընկալում շատ բարդ գաղափարները: Ակնկալում եմ, որ ապագայում էլ շատ լավ ու արդյունավետ կաշխատենք հայ ուսուցիչների հետ»:
«Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ասուլիսի մասին տեսանյութը շուտով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա