ՍՇՎ. Մասնագետները պնդում են, թե «անհանգստանալու կարիք չկա»
Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տեղեկացմամբ երկրում գրիպի հիվանդացության դեպքեր գրեթե չկան: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ա. Ասոյանը, քաղաքացիները հաճախ շփոթում են գրիպի ու ՍՇՎ-ների արտահայտումները ու թվում է, թե գրիպի դեպքերը շատացել են:
Ա. Ասոյանը նշեց, թե Սուր շնչառական վարակների` ՍՇՎ-ների դեպքերն այնքան քիչ են, որ նույնիսկ «անհարմար է այդ մասին խոսելը»:
«Իրականում անհանգստանալու կարիք չկա, դրանք սուր շնչառական վարակներ են, որոնք ավելի թույլ արտահայտում ունեն, քան գրիպը»,-ասաց Ա. Ասոյանը:
Հանրապետության գլխավոր վարակաբանը նշեց, որ ՍՇՎ-ները նույն ծանրությունն ու գրիպի բարդությունը չունեն: Բացի այդ, նա ասաց, թե ՍՇՎ-ների հետ կապված քաղաքացիները «նույնիսկ հիվանդանոցներ չեն դիմում»:
Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության անցկացրած մոնիտորինգների արդյունքների համաձայն, այս տարվա փետրվարին հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունների ցուցանիշը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մնացել է միևնույն մակարդակին:
Ինչպես նախապես Panorama.am-ին ասել էր Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը, առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել ամենօրյա մոնիթրինգ բնակչության շրջանում, և, ըստ այդմ, սեզոնային գրիպի գրանցված դեպքերը, անցյալ տարվա համեմատ չեն ավելացել: Բացի այդ, մոնիթորինգ է իրականացվում բուժկանխարգելիչ կազմակերպություններում` թոքաբորբի հետ կապված:
Ինչպես գլխավոր մասնագետն էր նշել, ցուցանիշները խոսում են այն մասին, որ դեպքերի նվազում է նկատվել:
«Անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա տվյալների հետ համեմատ թոքաբորբով հիվանդացության դեպքերն այս փետրվարին նվազել են»,-նշել էր տեսչության գլխավոր մասնագետը:
ՍՇՎ-ների հիվանդացության դեպքերի հետ կապված պատկերն ամբողջացնելու համար Panorama.am-ը զրուցեց Շտապ օգնության «1-03» ծառայության ավագ բժիշկ Ռիտա Աբրահամյանի հետ: Վերջինս նշեց, որ ՍՇՎ-ների հետ կապված «1-03» ծառայությունը զանգեր ստանում է և ավելացրեց, որ իրենք ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում, թե ծառայության դիմած քաղաքացիներից քանիս են մեծահասակ, քանիսը` երեխա:
Ըստ ծառայության տվյալների, մարտի 1-ից մինչև 16-ը «1-03» ծառայություն է դիմել 157 մեծահասակ և 223 մանկահասակ քաղաքացի: Բացի այդ, ավագ բժշկի հաղորդած տվյալների համաձայն, այս ժամանակահատվածում գրանցված դեպքերից հիվանդանոց է տեղափոխվել 1 մեծահասակ և 26 մանկահասակ քաղաքացի:
Այն, որ ՍՇՎ-ներն ավելի շատ են նկատվում երեխաների մոտ և հիվանդանոց տեղափոխվածները, հիմնականում, հենց նրանք են, մասնագետը բնական համարեց, քանի որ այդպիսի վարակները երեխաների մոտ ավելի արագ են զարգանում և հետագա բարդություններից խուսափելու համար հիվանդանոց տեղափոխելն ավելի նպատակահարմար է:
Հիշեցնենք, որ ատողջապահության նախարարության տվյալների համաձայն, շարունակվում են նաև մոնիթորինգի աշխատանքները նախակրթական հաստատություններում և դպրոցներում, մասնավորապես, ստուգվում են բոլոր բացակայությունները:
Ինչպես նախապես Panorama.am-ին տեղեկացրել էր ԱՆ Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը, կրթական հաստատություններում ՍՇՎ-ների պատճառով բացակայությունները ընդհանուր բացակայությունների քիչ տոկոսն են կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան