Հիվանդանոց տեղափոխված շրջանավարտների վիճակը շարունակում է մնալ ծանր
Նախօրեին Հիվանդանոց տեղափոխված Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներից մեկի՝ Հովսեփի վիճակը շարունակում է մնալ ծնար, նա դեռևս Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում է:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բաժանմունքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը, նա նախօրեին վիրահատության է ենթարկվել, հեռացվել է փայծաղը: Անհանգստացնող գործոնն այս պահին երիկամների սալջարդն է: Ռ. Գրիգորյանի տեղեկացմամբ, վթարի հետևանքով կոտրվել է նաև Հովսեփի ձախ թիակը:
Նույն մեքենայի մեջ գտնվող մեկ այլ շրջանավարտի՝ Ալլայի վիճակն այս պահին կայուն է, բայց շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Նոնա Կիրակոսյանը, ով զբաղբում է Ալլայի բուժմամբ, մեզ տեղեկացրեց, որ աղջիկը նախօրեին չի վիրահատվել, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, սակայն վիրահատություն նախատեսվում է: Պատահարի հետևանքով 17-ամյա աղջիկը ստացել է կոնքոսկրերի, գանգոսկրի, պարանոցային ողերի կոտրվածքներ:
Հիշեցնենք, որ նախօրեի առավոտյան՝ ժամը 09.00-ին, դեռ դպրոց չհասած 1988 թ. ծնված Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի ավտոմեքենան` Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը: Ոստիկանության հաղորդմամբ, պատահարի հետևանքով ուղևորներ` Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներ, 1993 թ. ծնվածներ Հովսեփ Ա.-ն և Ալլա Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան