Հայաստանում տոնական օրերին շտապօգնության կանչերի թիվը երկու անգամ ավելացել է
Հունվարի 3-ին Շտապօգնության ծառայությունում 581 կանչ է գրանցվել, որոնց հիմնական մասը արյան ճնշման հետ կապված խնդիրներով են եղել, ինչպես նաև գրիպի հետևանքով մարմնի ջերմության բարձրացման: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շտապօգնության ծառայության ավագ բժշկուհի Աննա Ժամհարյանը:
Բժշկուհու խոսքով, այս օրերին աղիքային ինֆեկցիայի դեպքեր դեռևս չեն գրանցվել: Տարիների փորձից բժշկուհին ասում է, որ նման դեպքերը սովորաբար գրանցվում են ամանորյա տոներից տասն օր անց, երբ մարդիկ վաղուց պատրաստած ու օրերով մնացած աղցաններն ու մյուս ուտեստներն են օգտագործում:
Շտապօգնության աշխատակցի խոսքով, սովորական օրերի համեմատ, տոնական այս օրերի ընթացքում կանչերի թիվը գերազանցել է երկու անգամ:
Առողջապահության նախարարությունն իր հերթին ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար առաջարկում է սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին, աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե, սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում:
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել և սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա