Վայքում նորածնի մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. Բժիշկը դարձյալ Մետաքսյա Հովհաննիսյանն է
Վայքի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի մոտ հաշվառված հղիներից մեկի նորածինը մահացել է: Հիշեցնենք` նույն բժշկուհու լիազորությունները որպես բաժնի վարիչ հայտնի դեպքից հետո, երբ նորածինը մի քանի օր ապրելուց հետո մահացավ, ժամանակավորապես դադարեցված էին:
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նախնական ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բժշկի գործունեության մեջ կազմակերպչական ու մասնագիտական սխալներ չեն հայտնաբերվել:
«Բժշկական օգնության ցուցաբերման ու կազմակերպման ընթացքում սխալներ չեն հայտնաբերվել», -լրացրեց տիկին Ավագյանը:
Նրա խոսքով, Հայարփի Տոնոյանը, որի հղիության կոնսուլտացիոն շրջանը վարել է Մետաքսյա Հովհաննիսյանը, կեսարյան հատման պետք է ենթարկվեր, քանի որ երեխայի դիրքը հետույքային է եղել: «Սակայն ժամկետից շուտ հղիի մոտ պտղաջրերի հոսք է սկսվել և բժշկի ցուցումով նա տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց», - նշեց Գայանե Ավագյանը: Այստեղ սակայն, նորածինը վիրահատությունից հետո մահացել է:
Գայանե Ավագյանը նաև ասաց, որ մահացած նորածնի ծնողները նախարարությանը որևէ բողոք-նամակով չեն դիմել:
Հիշեցնենք, որ օգոստոսին Վայքի ծննդատանը նույն բժշկուհու հսկողությամբ հղին ծննդաբերել էր, ինչպես հղիի հարազատներն էին պնդում, բժիշկների անտարբերության պայմաններում: Երեխան ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան «Մուրացան» համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժին, որտեղ էլ խորը կոմայի մեջ շուրջ 15 օր մնալուց հետո մահացավ:
Վայքի ծննդատանը ծառայողական քննություն էր սկսվել, որպես բաժնի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել էին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով /Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը/:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան