«Մարիաննա»-ի պայթյունի հետևանքով տուժած աշխատակիցը դեռ գիտակցության չի եկել. Մասնագետ
«Մարիաննա» ընկերության կաթսայատանը հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը հիվանդի վիճակը ծանր, բայց կայուն գնահատեց:
Հիշեցնենք, որ էդուարդ Ղազարյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով:
Պայթյունի հետևանքով 57-ամյա աշխատակիցը բազմաթիվ վնասվածքներ է ստացել` գանգուղեղային, կրծավանդակի ծանր տրավմաներ, թոքի ու սրտի սալջարդ, որովայնային տրավմա` փայծաղի պատռվածքով, ներքին արյունահոսությամբ:
«Վիրահատության արդյունքում հեռացվել է փայծաղը, դադարեցվել է ներքին արյունահոսությունը: Մնացած վնասվածքների համար հիվանդը երկար ու ինտենսիվ բուժման կարիք ունի»,-ասաց մասնագետը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի՝ նախնական տվյալներով պայթյունի պատճառը կաթսայի անվտանգության փականի խափանումն է: ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվում է տեխնիկական քննություն, որի արդյունքները կամփոփվեն 4-օրյա ժամկետում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները