«Հորս արև, ամեն ինչ ճիշտ եմ արել». Բժշկի երդմանը կարող է փոխարինել տեսախցիկը
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում Աշտարակի բնակչուհու հետ պատահածի ու դրա հետևանքների մասին ամուսնու` Կարապետ Կարապետյանի բարձրաձայնումից հետո սոցիալական ցանցերում առաջարկ եղավ, որ վիրահատարաններում էլ պետք է անպայման տեսախցիկներ տեղադրվեն, ինչպես դա արվում է դատարաններում, փողոցներում, սուպերմարկետներում, նաև որոշ մանկապարտեզներում: Ի վերջո, խոսքն այստեղ մարդու առողջություն ու որոշ դեպքերում էլ կյանքի մասին է:
Հիշեցնենք, որ Ատարակի բնակիչ Կ. Կարապետյանը մեղադրում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գ. Օկոևին բժշկական սխալ կատարելու մեջ, ինչի հետևանքով կինը ենթարկվել է հավելյալ մի քանի վիրահատությունների, արդյունքում կինն այսօր հաշմանդամ է, մի կերպ է շարժվում: Օկոևն էլ պատասխանում է, թե չկա բժշկական սխալ, ամեն ինչ արվել է մասնագիտական ու իրավական նորմերի շրջանակում:
Այս օգտատերի համոզմամբ, ստեղծված իրավիճակում շատ հարցերի պատասխան կարող էին տալ տեսախցիկի ֆիքսած կադրերը:
«Ես բազմիցս ասել եմ ու կասեմ: Բոլոր վիրահատությունները ու հարցաքննությունները տեսագրել է պետք: Հիվանդին ու հարցաքննվողին ամենուր պիտի տեսախցիկ տրամադրեն: Փաստաբանի նման պարտադիր մի բան: Առանձնապես մեծ ծախսերի հետ չի կապված: Ու շատ գլխացավանքներից կազատվենք: Ասենք, որ հարկ չունենա բժիշկը երդվելու, թե հորս արև ամեն ինչ ճիշտ եմ արել, կամ էլ թե հարցաքննվողը ինքն իրեն դուրս շպրտեց պատուհանից:
Էլ չեմ ասում, որ բանտախցերում ինչքան ա անհրաժեշտ: Որ եթե մարդը բանտ է ընկնում, էնտեղից ուղղված դուրս գա, ոչ թե եսիմ ով....ու եսիմ ոնց ... Անզեն աչքով էլ էստեղ շատ կոպիտ խախտումներ կգտնես»,-նշում է օգտատերը, վերջին նախադասությամբ նկատի ունենալով տեսանյութում Կարեն Կարապետյանի պատմածները:
Panorama.am-ը գնաց առաջարկի հետքերով: Պարզվում է, տեսախցիկների տեղադրումն առողջապահության նախարարության առաջնային ծրագրերում ընդգրկված չէ, բացի այդ էլ առաջարկի իրականացման համար խոչընդոտներ կան:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պարզաբանեց, որ դրա իրականացման համապատասխան օրենսդրություն ու ֆինանսական միջոցներ չկան:
«Նման բան անելու համար մեր օրենսդրական դաշտը լրիվ բաց է, դա բժշկական գաղտնիքի հետ կապված բան է: Բացի այդ դա շատ ծախսատար բան է: Ո՞վ պիտի անի դրա ծախսը»,-խնդիրները ներկայացրեց Հայթայանը, ապա եզրակացրեց, որ եթե ծախսը լինի հիվանդի վրա, ապա կթանկանա վիրահատությունը:
Հայթայանի դիտարկմամբ, խնդիրներ կառաջանան նաև տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման դեպքում:
«Որտե՞ղ, ինչպե՞ս են պահվելու այդ ժապավենները, ովքե՞ր են իրավունք ունենալու դրանք տնօրինելու, չհաշված, որ դա պետք է արվի միայն հիվանդի թույլտվությամբ»,-ասաց մամուլի քարտուղարը:
Պարզվում է, որ կամերաներ, այնուամենայնիվ, Հայաստանի մի քանի վիրահատարաններում կան, մեկական տեսախցիկներ տեղադրվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ութ վիրահատարաններում ներկայիս նախարարի ռեկտոր լինելու օրոք:
«Դրանք բավականին թանկ են: Եթե չեմ սխալվում, յուրաքանչյուրը մի քանի հազար դոլար: Դա ուսումնական նպատակով էր, ու տեսագրվում էր միայն հիվանդի համաձայնությամբ, տեսագրությունից չէր երևում, թե ով է վիրահատվողը»,-ասաց Հայթայանը:
Նախարարությունում չեն բացառում, որ տեսախցիկի առկայությամբ Հայաստանում կարող են արվել վիրահատություններ, եթե հիվանդը ցանկանա ու միաժամանակ տրամադրի տեխնիկան:
«Եթե մարդը պահանջի, որ իր վիրահատությունը նկարահանվի և միաժամանակ ապահովի անհրաժեշտ տեխնիկայով, ապա, կարծում եմ, պետք է պայմանավորվածություն ձեռք բերի տվյալ բժշկական կենտրոնի ղեկավարության հետ»,-ի պատասխան մեր հարցի ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է, հաշվի առնելով վերջին շրջանում աղմուկ հանած մի քանի դեպքերն ու այս առաջարկը, նախարարությունն անձամբ հանդես գա նման օրենսդրական նախաձեռնությամբ:
«Չեմ կարող այսօրվա վիճակով ասել»,-պատասխանեց Հայթայանը:
Այնպես, որ հիվանդը պետք է մնա իր գրպանի հաստության հույսին, որ նախ կարողանա համոզել բժշկին, ապա մի քանի հազար դոլարանոց կամերա ձեռք բերի: Չնայած նման հաստ գրպան ունեցողները հիմնականում դատարանում էլ ու դատարան չհասած էլ կարողանում են իրենց հարցերը կարգավորել:
Նախորդող հրապարակումներ`
Անփութություն, թե կանխամտածված «կար». Կ. Կարապետյանը մեղադրում է բժիշկներին
Գ. Օկոևը պարզաբանում է. Վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ
Դերենիկ Դումանյան. «Հայաստանում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող մաֆիա չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա