Այ-Ստենտ` գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ Հայաստանում. 2300 հիվանդի իմպլանտ անվճար է տեղադրվել
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքում կիրառվում է ամերիկյան Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը ( iStent Trabecular Micro-Bypass), որը գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:
Նշենք, որ «Գլաուկոս» կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի (Food and Drug Administration - FDA) կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:
Ա.Մալայանի խոսքերով` երկու տասնամյակից ավելի է Հայաստանում իրականացվում է «Տեսողություն հայի աչքերին» ծրագիրը, և Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտի տեղադրումը հանդիսանում է այդ ծրագրի տրամաբանական շարունակությունը: «Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, որ գլաուկոման անբուժելի հիվանդություն է, բայց դա այդպես չէ: Գլաուկոման կուրության հետևանք է դառնում միայն այն դեպքում, երբ այն ժամանակին չի բուժվում: Մենք ունենք խնդիր` վերականգնելու գլաուկոմայի վաղ հատնաբերման պրոցեսը»,- ասաց Ա.Մալայանը` հավելելով, որ առաջարկությունով դիմելու է ՀՀ առողջապահության նախարարությանը, որպեսզի վերականգնեն այն ավանդույթները, որոնք կային խորհրդային տարիներին: Մասնավորապես, առաջարկվում է գլաուկոմայի վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականացնել լուրջ աշխատանքներ` դրանցում ներգրավելով կայացած ակնաբուժական կենտրոններին:
Ինչ վերաբերում է Այ-Ստենտին, ապա այն տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ-ի աջակցությամբ բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ վերապատրաստվել է ԱՄՆ-ում և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:
Լ.Ոսկանյանն անդրադառնալով հիվանդությանը, նշեց, որ գլաումոկայի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը, ինչի արդյունքում տեսողության վերականգնումը դառնում է անհնարին: Նրա խոսքերով` ներակնային ճնշումը պայմանավորված է այն հեղուկով, որը աչքի ներսում արտադրվում և դուրս է գալիս: Տարբեր գործոնների ազդեցությամբ, հաճախ աչքի մեջ հեղուկի շրջանառությունը խախտվում է, և դրա արտահոսքը դժվարանում, ինչն էլ հանգեցնում է հեղուկի կուտակման, հետևաբար՝ ներակնային ճնշման: Սկզբում մարդը պարզապես վատ է տեսնում, ապա նեղանում է տեսադաշտը, ի վերջո, լրիվ կուրություն է առաջանում:
Լ.Ոսկանյանը նշեց, որ «Գլաուկոս» կազմակերպության իմպլանտը տեղադրվում է աչքի առաջնային խցիկի անկյունում, ինչը լավացնում է հեղուկի արտահոսքը: «Հայաստանը առաջին երկիրն է, որը կիրառում է այդ սարքը: 2007թ-ից սկսած գլաուկոմայիով հիվադներին առաջարկում ենք այս սարքը, ինչը իսկապես հիվանդությունը կանխարգելող հիանալի մեթոդ է»,- ասաց Լ.Ոսկանյանը: Նշվեց նաև, որ հիվանդության վաղ հայտնաբերման ժամանակ սարքի տեղադրումը համարվում է իդեալական միջոց: Այն տևում է 2-3 րոպե: «Այս սարքը գլաուկոմայի բուժման առաջին և ապահով մեթոդն է: Այ-Ստենտի կիրառման կարևորությունը կայանում է նրանում, որ այն կարող է Հայաստանին որպես մոդել և գերազանցության կենտրոն ներկայացնել ամբողջ աշխարհում»,-ասաց բժշկուհին:
Ըստ նրա` Հայաստանում արդեն շուրջ 2300 հիվանդի տեղադրվել է Այ-Ստենտը՝ ընդհանուր առմամբ շուրջ 5000 սարք: Սարքը տեղադրվում է անվճար, քանի որ Հայաստանին այդ սարքը չի վաճառվում: Հիվանդները վճարում են միայն գլաուկոմային վիրահատության գումարը, որն արժե 170-200 հազար դրամ: Լ.Ոսկանյանն ասաց, որ իրենց հիվանդների մոտ 60 %-ը տառապում է առաջնային, երկրորդային կամ բնածին գլաուկոմայով: Այն առավել հաճախ առաջանում է 40-50 տարեկանում, հազվադեպ՝ երեխաների մոտ, այսպես կոչված, բնածին գլաուկոմա, և երիտասարդների մոտ՝ պատանեկան գլաուկոմա։
Նշենք, որ Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ:
Այ-Ստենտի գործարկումն այնքան հեղափոխական է և կարևոր, որ սարքի աշխատանքներին ծանոթանալու համար հատուկ այցով Հայաստան է ժամանել Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր, բժիշկ Ռիչարդ Լինսդրոմը, ով ԱՄՆ-ում և աշխարհում եղջերաթաղանթի, կատարկտի, ռեֆրակտիվ և լազերային վիրաբուժության ոլորտներում առաջատար մասնագետներից է: Լինսդրոմին ուղեկցում են մի շարք բժիշկներ, մասնավորապես Հայկական ակնաբուժության նախագծի տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Շտեյն Աչքի ինիտիտուտի պրոֆեսոր, ռեֆրակտիվ վիրաբույժ Ջոն Հովհաննիսյանը, ինչպես նաև ավստրալիացի ռեֆրակտիվ վիրաբույժներ Դեյվիդ Մենինգը և Իլեշ Պատելը:
Ռիչարդ Լինսդրոմը նշեց, որ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում ստացած գիտելիքները պատրաստվում են տարածել աշխարհով մեկ:
Նշենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների՝ աչքի ու նրա հավելյալ ապարատի հիվանդություններով գրանցված բնակչության թիվը Հայաստանում 2004-2011թթ. ընթացքում աճել է 2.5 անգամ, 2011թ-ին կազմելով 3,272 մարդ` 100,000 բնակչի հաշվով (կամ ընդհանուր առմամբ շուրջ 88 հազար մարդ): Նույն աղբյուրի համաձայն` 2011թ-ի դրությամբ 7,458 մարդ գրանցված է եղել գլաուկոմա հիվանդությամբ, ըստ որում՝ գլաուկոմայի գրանցված դեպքերի թիվը 2004-2011թթ.ընթացքում աճել է շուրջ 2 անգամ: ՀԱՆ-ի ակնաբույժները 2003-2011թթ. ընթացքում ՀՀ բնակչության շրջանում գրանցել են գլաուկոմայի 6,401 դեպք, որոնցից 3,412-ը կամ շուրջ կեսը ՀԱՆ-ի կողմից ախտորոշվել են առաջին անգամ: