Ժամկետանց պատվաստանյութ չի օգտագործվում. Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար
Պատվաստումների միջոցով միլիոնավոր կյանքեր են փրկվում,-այսօր Առողջապահության ոլորտի արդի խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և ընդգծեց, թե` ավելի հեշտ է պատվաստումների միջոցով հիվանդությունների կանխումը, քան հետագայում՝ հիվանդության զարգացումից հետո բուժումը:
«Պատվաստումների ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից: Պատվաստվողներից հարյուրից մեկի մոտ հազիվ կարող է անցանկալի ռեակցիա առաջանալ, իսկ չպատվաստված հիվանդների մոտ հիվանդությունը կարող է հանգիստ տարածվել»,- ասաց նա:
Ըստ նրա պնդումների` կառավարելի հիվանդությունների դեմ պատվաստումների շնորհիվ միլիոնավոր կյանքեր են փրկվում և վարակիչ հիվանդությունների բռնկումներն են կանխվում. «Կա թյուր կարծիք, որ եթե հիվանդությունը չկա, պատվաստումներն անհրաժեշտ չեն: Բայց պետք է հիշել, որ հարուցիչները միշտ առկա են բնության մեջ, սահմաններ չեն ճանաչում ու ցանկացած պահի կարող են ներխուժել տարածք, որտեղ չկա հիվանդությունը»:
Նա հայտարարեց, թե ժամկետանց պատվաստանյութ երկրում չի օգտագործվում:
«Նշում են, որ պատվաստումներն անվտանգ չեն, երեխաների մոտ որոշակի խնդիրներ են առաջանում դրանցից հետո: Ձեռք բերած հիվանդությունն անշուշտ կապվում է պատվաստման հետ, մարդկանց մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում, բայց դա պատվաստումների հետևանք չէ: Եթե պատվաստումից երեք օր հետո երեխան ջերմում է, կարող է դա կապված լինել պատվաստման հետ, բայց եթե յոթերորդ օրը երեխայի ջերմությունը բարձրանում է, հավատացեք, դա կապված չէ պատվաստման հետ, դա արդեն նոր վարակիչ հիվանդության զարգացում է»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Նախորդիվ՝
Բուժհիմնարկներում վճարումները կլինեն անկանխիկ
Հունվարից Առողջապահության նախարարությունը կներդնի մասնագիտական երկրորդ կարծիքի մոդելը
Սուրեն Քրմոյան. Դեղի ստեղծման պրոցեսից մինչև օգտագործումը մենք կանոնակարգելու ենք