Գյումրիում մոր և 11 երեխաների մոտ ախտորոշվել է պիոդերմիա
Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում ապրող 11 երեխայի և նրանց մոտ մոտ ախտորոշվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) և նշանակվել է բուժում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը, ախտակիրները Մուրադյաններն են: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են:
Նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:
Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:
Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո: