Ամառային հանգիստ. Ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես առողջ մնալ (տեսանյութ)
Ամառն արդեն հաստատվել է, իսկ հանգստի պատրաստվողները, հավանաբար, որոշում են, թե որտեղ անցկացնեն այն՝ ծովափին, թե լեռներում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը մի քանի խորհուրդ տվեցին՝ հանգստի ընթացքում առողջ մնալու և ճիշտ հանգիստ կազմակերպելու մասին:
Ծովափնյա հանգստի դեպքում կան արևայրուքի տհաճ հետևանքները, իսկ լեռնագնացության դեպքում՝ մաշկային տրավմաները, մաշկի խախտումները, միջատների խայթոցները:
«Մաշկային հիվանդությունների դեպքում այդ ընթացքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բակտերիալ, վիրուսային, պարազիտար, սնկային խնդիրների առաջացման համար: Հյուրանոցներում սպիտակեղենը պարզապես լվացում է անցնում, այդ դեպքում հարուցիչները չեն վերանում: Ցանկացած մարդ վտանգի է ենթարկվում հյուրանոցներում հանգստանալիս»,- ասաց «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Ծովափնյա հանգստի մեկնողներին նա խորհուրդ տվեց ունենալ արևապաշտպան միջոցներ, ինչպես նաև նախապես ծանոթանալ կլիմային. «Բազմաթիվ խնդիրներ կան, որ սրվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Չպարզված խալերի դեպքում էլ կա վտանգ, որ ճառագայթների տևական ազդեցության տակ կարող են առաջանալ ոչ այնքան ցանկալի առողջական խնդիրներ»:
Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն անդրադառնալով աչքի հետ կապված հնարավոր խնդիրներին, նշեց, որ առաջնային խնդիրները կապված են օդի ջերմաստիճանի, աղտոտվածության հետ:
«Ամռանը հեղուկի գոլորշացումն ավելի շատ է կատարվում, ունենում ենք աչքի չորացման խնդիր: Ամռանը շատ են լինում ալերգիկ հիվանդություններ, դա նախ բարդիների բամբակի զատման հետ է կապված: Եթե կան խնդիրներ, խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետների: Բոլոր լորձաթաղանթները վնասվում են, արտադրություն, քոր է լինում: Իսկ ծովի ջուրը չի պարունակում հարուցիչներ, որոնք վտանգավոր կլինեն»,- ասաց նա:
Բժիշկը նկատեց, որ փակ լողավազաններում քլորը շատ է, իսկ դա կարող է առաջացնել բորբոքումներ:
Ինչ վերաբերում է սեռավարակներին, մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ ցանկացած ծովափնյա հանգիստ առաջ է բերում կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց կուտակումներ:
«Ստեղծվում են նպաստավոր պայմաններ անպաշտպան սեռական հարաբերությունների համար: Ցանկացած սեռավարակ կարող է փոխանցվել անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, առավել մեծ է կուրորտային հանգստի ժամանակ նման անձանց հանդիպելու հավանականությունը: Ավելի հեշտ է նախապես դրա դեմն առնել, կանխարգելել, քան բուժվել: Խորհուրդ է տրվում դիմել սեռավարակաբանի, ինչքան շուտ է հայտնաբերվում սեռավարակը, միանշանակ ավելի հեշտ է լինում բուժումը: Պետք է ունենալ փոխադարձ հավատարիմ զույգ, ձեռնպահ մնալ պատահական սեռական հարաբերություններից»,- ասաց նա:
Բժիշկը հավելեց, որ ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է վայելել հանգիստն ու գեղեցիկ, մուգ մաշկով վերադառնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները