Կ. Սարիբեկյան. Հայաստանում մայրական և մանկական մահացության ցուցանիշները նվազել են
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը բավականին ընդգծված նվազման միտումներ ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, այս տարվա վեց ամիսների ընթացքում մայրական մահացության մեկ դեպք է գրանցվել, նախորդ տարի՝ 8 դեպք, 2012-ին՝ 10 դեպք:
Համեմատության համար նա նշեց, որ ԱՊՀ երկրներում մայրական մահացության միջին ցուցանիշը 29,3 է (100 հազար կենդանի ծնունդի նկատմամբ), Հայաստանում ցուցանիշը` 19,2 է:
Կ. Սարիբեկյանի ներկայացրած տվյալներով, նվազել է նաև մանկական մահացության դեպքերը (ելքային ցուցանիշը 90-ական թվականներն են, հազար կենդանի ծնունդի նկատմամբ): Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը նախորդ տարի եղել է 9,8 պրոմիլե:
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը բարենպաստ դիրքերում է գտնվում, սակայն եվրոպական երկրների համեմատ Հայաստանը դեռ անելիքներ ունի. Եվրոպայում մանկական մահացության ցուցանիշը 6,9 է:
Այս տարվա առաջին երեք ամիսներին գրանցվել է մանկական մահացության 81 դեպք (0-1 տարեկան):
«Մեր թիրախն է մինչև 2015 թվականի ավարտը մայրական մահացության ցուցանիշը հասցնել 13-ից ներքև, մանկական մահացության ցուցանիշը՝ մինչև հինգ տարեկան երեխաների դեպքում հասցնել 10-ի, հինգ տարեկանից ցածր՝ 8 պրոմիլե»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Ըստ նրա, ամենազարգացած երկրներում էլ են լինում մայրական, մանկական մահացության դեպքեր:
«Որևէ բիժշկ չի ցանկանում, որ մահ գրանցվի, ծանր է իր համար էլ: Այլ խնդիր է, որ բժիշկն անփույթ է եղել»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Վերջին տարիներին ծնունդների թիվը Հայաստանում տատանվում է 42-43 հազարի սահմաններում: