Բժշկական ապահովագրություն, արևից պաշտպանող քսուկներ. Խորհուրդներ` հանգստի մեկնող հղիների համար
Հղիների համար հանգստի մեկնելը շատ օգտակար է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում հղիությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին` հավելելով, որ մինչև հանգստի մեկնելը նրանք պետք է հետևեն որոշակի կանոնների: Հղիները նախ պետք է խորհրդակցեն իրենց հղիությունը վարող գինեկոլոգի հետ, որի թույլտվության դեպքում միայն մեկնեն այլ երկրներ:
Պ.Սոցկիի ամենակարևոր խորհուրդը հանգստի մեկնող հղիներին այն է, որ մինչ մեկնելը պարտադիր բժշկական ապահովագրություն կատարեն` հետագա խնդիրներից խուսափելու համար:
«Հանգստի մեկնելուց առաջ հղիները պետք է նախապատրաստվեն: Առաջին հերթին իրենց մոտ պետք է լինեն բոլոր անհրաժեշտ դեղերը, այդ թվում ` ճնշման չափման սարք, քանի որ դրանք մշտապես կարող են ճանապարհորդության ընթացքում պետք գալ»,- ասաց նա:
Եթե հղիները ճանապարհորդում են մեքենայով, ապա գինեկոլոգը խորհուրդ է տալիս ճանապարհին հաճախ կանգնել, որպեսզի երկար նույն դիրքով չմնան, ինչպես նաև օդափոխվեն: Իսկ եթե հղիները պատրաստվում են ճանապահորդության մեկնել ինքնաթիռով, ապա Սոցկին խորհուրդ է տալիս մեկնել մինչև 7 ամսական հղիությունը, դրանից հետո խորհուրդ չի տրվում ինքնաթիռով ճանապարհորդել:
«Հետագա բարդություններից խուսափելու համար խորհուրդ չենք տալիս ավելի ուշ մեկնել, քանի որ ճնշման բարձր տատանման հետ կապված մի շարք խնդիրներ կարող են առաջանալ, մասնավորապես` կբարձրանա արգանդի տոնուսը»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ ծովափնյա հանգիստը օգտակար է հղիների համար: Ըստ նրա` հղիներին շատ օգտակար է ոչ միայն ծովում լողալը, այլ ընդհանրապես լողալը, այն թուլացնում է մկանները, հանգստացնում է նյարդային համակարգը, լողը հիանալի մարզում է օրգանիզմը` կնոջը նախապատրաստելով ծննդաբերության: Սակայն Սոցկին խորհուրդ է տալիս լողալ առավոտյան կամ երեկոյան ժամերին, և անպայման պետք է արևից պաշտպանող քսուկներ օգտագործել:
«Հղիները պետք է ջրում շատ չմնան, լողալու դեպքում ափից չպետք է շատ հեռանան, քանի որ հղիների մոտ ջղաձգվելու հավանականությունը ավելի բարձր է և հնարավոր է տարբեր խնդիրներ առաջանան»,- ասաց գինեկոլոգը:
Ամառը որոշ ծաղիկների և բույսերի ծաղկման ժամանակն է: Հղիության ժամանակ չեն բացառվում ալերգիկ ռեակցիաները: Ճանապարհորդության մեկնող հղիներին գինեկոլոգը խորհուրդ է տալիս իրենց հետ վերցնեն հակաալերգիկ դեղամիջոցներ, ըստ իրենց բժիշկի խորհրդի: Հակաալերգիկ միջոցները թույլ կտան խուսափել նաև միջատների խայթումների տհաճ հետևանքներից:
Ինչ վերաբերում է քրտնարտադրությանը, Պավել Սոցկին նշեց, որ սովորաբար, հղիների մոտ առատ քրտնարտադրություն է լինում: Այս դեպքում գինեկոլոգը խորհուրդ է տալիս զբոսանքից հետո պարտադիր ցնցուղ ընդունել` անկախ նրանից, թե օրվա ընթացքում քանի անգամ է լոգանք ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները