«Աղձքի Արշակունյանց դամբարանի պեղումները շատ կարևոր են մեր ինքնության առումով». Արշավախմբի ղեկավար
«Հայաստանում պեղումները մեծ ծավալ են ստացել, ամեն տարի 55-60 հուշարձանում պեղումներ են իրականացվում: Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքանների դամբարանի պեղումները բացառիկ են մեր ինքնության, պետականության, ինքնաճանաչման առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Նա նշեց, որ Աղձքի հայոց արքանների դամբարանը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում. Վազգեն Սարգսյանի ժամանակ ծրագիր կար, որ պետք է դառնա հայոց սպայակույտերի երդման արարողության վայր, Անդրանիկ Մարգարյանի ժամանակ նախնյաց հիշատակի օրն էր տոնվում այդտեղ:
2014 թ. Հ. Սիմոնյանի խոսքով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ պատվիրակություն է գնացել Աղձք, և հենց տեղում որոշվել է, որ պետք է պեղվի դամբարանը: 2015-17 թթ. իրականացվելիք ծրագրի համար նախատեսված է 50 միլիոն դրամ. «Այնքան էլ շատ չէ, բայց քիչ էլ չի, կարելի է բավականին գործ անել»:
Պեղումները կատարելու է մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը, ընդգրկված են հմուտ ճարտարապետներ, երիտասարդ գիտնականներ, արվեստաբաններ: Նա ընդգծեց, որ հետազոտությունը կատարվելու է համալիր կերպով:
«Աղձքի հայոց արքանների դամբարանի պեղման ծրագիրն ազգային է, շատ կարևոր է: Կարող է դառնալ միջազգային ծրագիր, որովհետև այս տարածաշրջանում վաղ միջնադարյան արքայական միակ դամբարանն է, որն այդքան հստակ փաստված է պատմիչների կողմից: Մեծ հետաքրքրություն կարող են առաջանել և Իրանում, և Թուրքմենիայում, որտեղ գտնվում է Պարթևների հայրենիքը: Այս ծրագիրը մշակութային տեսակետից կարող է Հայաստանի սահմաններից դուրս գալ միջազգային ասպարեզ»,- ասաց Հ. Սիմոնյանը՝ հավելելով, որ պեղումներից հետո արդեն կմեկնարկի երկրորդ փուլը, որից հետո էլ այդ տարածքը կվերածվի զբոսաշրջային կարևոր վայրի:
Նա նշեց, որ 1974 թվականին դամբարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվել, հայտնաբերվել են հետաքրքիր հարթաքանդակներ՝ ռեալիստական, գեղարվեստական բարձր ոճով արված առյուծների, արծիվների, ուխտերի և այլ կենդանիների պատկերներով: 2011 թ. կրկին պեղումներ են իրականացվել, շատ կարճ ժամանակով:
«Այսինքն, Աղձքի Արշակունյանց դամբարանում համատարած պեղումներ չի կատարվել: Այս ծրագիրը նախատեսված է բացել ամբողջ տարածքը, տեսնել ինչպիսի կառույցներ կան, որ արքաներն են այնտեղ թաղված»,- ասաց Ս. Հակոբյանը:
Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի հարևանությամբ կառուցված է եկեղեցի: Նա նշեց, պետք է պարզել, թե եկեղեցին է շուտ կառուցվել, թե դամբարանը. «Եթե կարողանանք պարզել, որ եկեղեցին ավելի շուտ է կառուցվել, ինչը տրամաբանական է, քանի որ արքաներին պատահական վայրերում չէին կարող թաղել, ապա մենք վերջապես կարող ենք ասել, որ 4-րդ դարում Հայաստանում եղել է զարգացած եկեղեցաշինություն, մինչդեռ 5-րդ դարից է մեր եկեղեցիների պատմությունը սկսվում»:
Դամբարանում պեղումները սկսվեն առաջիկայում, հենց եղանակային պայմանները թույլ տան. «Մեր նպատակն է, որ ապրիլի 24-ին Հայաստան այցելող հյուրերը կարողանան այցելել նաև դամբարանի տարածք, քանի որ Աղձքի հայոց արքանների դամբարանը մեր պետականության խորհրդանիշներից է»:
Հ. Սիմոնյանը ներկայացրեց նաև Աղձքի Արշակունյանց դամբարանի կառուցման պատմությունը. «Վաղ միջնադարյան միակ կառույցն է, որն ունի հստակ թվագրում, որին անդրադարձել են խոշոր պատմիչները, այդ թվում նաև Խորենացին, Բյուզանդը:
Պարսից Սասանյան Շապուհ երկրորդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ըմբոստ ոգին, ձեռնարկում է մի հատուկ արշավանք, որի նպատակն էր հափշտակել հայոց արքաների ոսկորները, որովհետև, ըստ մոգերի, դրանց մեջ էր ամփոփված երկրի քաջությունը, բախտն ու փառքը: Թագավորը խորհրդանշել է անկախությունը, երկրի հզորությունը: Պարսկական բանակը Մծբինի կողմից շրջանցելով Հայոց Միջագետքը, հարավից ներխուժում է Եփրատ գետի վերին ավազանը: Պարսիկները խաբեությամբ կարողանում են գրավել Անի-Կամախ ամրոցը, բացում են հայոց արքաների դամբարներն ու հավաքում արքաների ոսկորները, անթիվ գանձեր են հափշտակում, մեծ գերիների ուղեկցությամբ շարժվում են դեպի Պարսկաստան: Մեծագույն ամոթ էր երկրի համար, քանի որ պետականության խորհրդանիշների հափշտակում էր: Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետևում է, հասնում ու ջախջախում պարսկական բանակը, ազատում գերիներին, հայոց արքաների աճյունները: Պատմիչներն ուշագրավ տեղեկություն են հաղորդում. քանի որ խառնվել էին հայոց հեթանոս և քրիստոնյա արքաների ոսկորները, որոշում են, որ չի կարելի սրբերի հանգստարան Վաղարշապատում թաղել նրանց, դրա համար Արագած լեռան լանջին կառուցվում է հատուկ դամբարան, որտեղ ամփոփում են հայոց արքաների աճյունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան