«Խմեք Հայաստանի դեղատների «Նուրոֆենն» ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատներինը, անմիջապես գլխացավը կանցնի»
Հայաստանում կառուցվում է ուռուցքաբանության ազգայի կենտրոն, մինչդեռ այդ ոլորտը գտնվում է ողբալի վիճակում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ առողջապահության նախարարին՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Չկա քիչ թե շատ վճարունակ քաղաքացի, որ նման ծանր հիվանդության դեպքում իր առողջությունը վստահի այս ոլորտի մասնագետներին: Մենք կարող ենք ունենալ շենքային առումով լավագույն կենտրոնը, բայց չունենալ համապատասխան մասնագետներ: Վստահ եմ, որ վիզուալ առումով լինելու է հրաշալի շենք, բայց ի՞նչ պետք է անել, որ այն բարձր որակի ծառայություն մատուցող կենտրոն լինի: Բացի այդ, հակաքաղցկեղային դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից, որակական առումով խստագույնս տարբերվում են այն դեղերից, որոնք Հայաստանում կան»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ մեծ գործընթաց է իրականացվում կենտրոնի հետ կապված, և չկա մեկ երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացը կանգնած լինի, զարգացում չապրի՝ հաշվի առնելով հիվանդության տարածումը:
«Ուռուցքաբանության կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 11 հազար հիվանդ, իրականացվում է 3000 վիրահատություն, 20 հազար հիվանդ բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում, և այս կենտրոնն արդիականացման կարիք ունի»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ բժշկության մեջ խիստ կարևոր են չափորոշիչները և ուղեցույցները, որոնք պետք է ներդնել ամբողջ համակարգում, այդ թվում՝ ուռուցքաբանության: Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանը այն բացառիկ երկրների թվում է, որտեղ քաղցկեղը երիտասարդացման միտում ունի, քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը գնալով մեծանում է. «Չե՞ք կարծում, որ պետք է քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր մշակել: Բացի այդ, ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները որտե՞ղ են վերապատարստվելու, քանի որ այդ ոլորտում ունենք բժիշկների դեֆիցիտ»:
Ա.Մուրադյանն ասաց, որ Հայաստանում հակաուռուցքային ազգային ծրագիր է մշակվում, զուգահեռ իրականացվում են պետական այլ ծրագրեր: Նա հիշեցրեց հունվարի 1-ից Հայաստանում ներդված սկրինինգային ծրագրերը:
Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա Ա.Մուրադյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կարող է հնչել այն ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկվի «Դեղերի մասին» օրենքի նախագիծը: «Դեղերի վերաբերյալ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկել որակի, անվտանգության, մատչելիության և հասնելիության խնդիրները վերլուծելով: Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննության, բայց Ձեր մտահոգությունը կիսում եմ, ըստ որի` հիվանդները նշում են դեղերի տարբերության մասին, բայց հարցին օբյեկտիվ պատասխան կարող են տալ լաբորատոր փորձաքննությունները, որի հնարավորությունն այսօր կա»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ն.Զոհրաբյանն էլ ասաց, որ նույն անունն ունեցող դեղերը որակապես տարբերվում են:
«Ամենասովորական ցավազրկող «Նուրոֆենը» բերեք եվրոպական ցանկացած երկրից ու առեք Հայաստանի դեղատներից: Խմեք Հայաստանի դեղատների գնած «Նուրոֆենն» ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատների` «Ադվիլ Նուրոֆենը», անմիջապես գլխացավը կանցնի»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Առողջապահության նախարարն էլ պատասխանեց. «Այս խնդիրը պետք է լուծվի ոչ թե առանձին անհատների գլխացավի անցնելու կամ չանցնելու վերլուծությամբ, այլ պետք է լուրջ գնահատական ստանան լաբորատոր հետազոտություններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները