«Երևան Ջուր». Հայտնաբերվել է Նորագավիթում ջրի աղտոտման հավանական պատճառը
Նորագավիթի 10-րդ փողոցում վերջին մի քանի օրերի լարված աշխատանքից հետո Երևան Ջուր ՓԲԸ մասնագետները հայտնաբերել են անհայտ վթարված ջրագիծ, որը թերևս տվյալ տարածքից հուլիսի 24-ին ստացված ջրի որակի վերաբերյալ բողոքների պատճառն էր: Նման ենթադրություն պարունակող հաղորդագրություն է տարածել Երևան Ջուր ընկերությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Նորագավիթում արձանագրվել էին աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպքեր: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Ընդհանուր թվով արձանագրվել է տարբեր տարիքի 40 հիվանդ:
«Նորագավիթում բաշխիչ ցանցն առավել քան պատկառելի տարիքի է, որով պայմանավորված ներկայումս այնտեղ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքներ: Իսկ թե երբ են նրբանցքի բնակիչներն սեփական ուժերով տվյալ ջրագիծը կառուցել, հնաբնակներն անգամ չեն հիշում: Ավելին, պարզվում է, որ որոշ տնատիրություններ մինչ վերջերս շարունակել են դրանից ջուր ստանալ:
Նշված խողովակի գոյության մասին իմացվել է բնակիչների հետ հարցուփորձից, որոնք տեղեկացրել են, որ նրբանցքում մի տեղ արդեն քանի ամիս է ինչ թեթևակի ջուր է դուրս տալիս: Ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի մասնագետներն անմիջապես ձեռնամուխ են եղել հողային աշխատանքներին և ի հայտ բերել 25մմ տրամագծով խողովակ, որի վրա ինչպես ասում են «սաղ տեղ չկար»:
Մինչդեռ հարևանությամբ ձգվում է ոռոգման առուն, որտեղից ջուրն անընդհատ ներծծվում է հող ու խողովակ լցվելու վտանգ առաջացնում: Նշված դեպքերի նախօրեին այնտեղ շինարարական աշխատանքների պատճառով ջրամատակարարման դադար է հայտարարված եղել: Ակնհայտ է, որ այս ընթացքում առվի ջուրը կարող էր ներթափանցել քայքայված խողովակ և ջրամատակարարման վերականգնելուն պես տրվեր սպառողներին: Զարմանալի չէ, որ ջրի անորակությունից բողոքողները հենց այդ տների բնակիչներն են: Ներկայումս տվյալ ջրագիծը խցափակված է: Ջրամատակարարումը թաղամասում իրականացվում է համաձայն ժամանակացույցի: Որակի հետ կապված բողոքներ այլևս չկան:
Ինչ վերաբերվում է ջրի համին, ապա պետք է ասել, որ այժմ Նորագավիթը ջուր է ստանում Արարատյան ջրաղբյուրից, որը լիովին համապատասխանում է որակին ներկայացվող պահանջներին: Ուրիշ է, որ, կապված ջրի բաղադրության հետ, այն, ինչպես և համակարգի մնացած 9 աղբյուրները, ունի իր բնորոշ համը: Իհարկե, լեռնային աղբյուրներից ստացվող ջուրն իր որակական հատկանիշներով ավելի գերադասելի է, այդ թվում Արզականի ջուրը, որը մատակարարվում է թաղամասին սեպտեմբերի-հունիս ամսիներին, սակայն ամռանը, սպառման «պիկ» ժամանակաշրջանով պայմանավորված, ընկերությունը ստիպված է լինում մայրաքաղաքին տրվող ջրաքանակն ավելացնել, այդ թվում վերագործարկելով Նորագավիթից ոչ հեռու գտնվող Արարատյան պոմպակայանը: Բնականաբար, ջրի համային փոփոխությունն աննկատ չի մնում և դժգոհությունների առիթ է տալիս: Սեպտեմբերին կեսերին, երբ ոռոգման խնդիրը մեզանում կորցնի իր սրությունը և քաղաքացիները դադարեն խմելու ջուրը տեխնիկական նպատակներով օգտագործել (այդ թվում Նորագավիթում), ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր:
Երևան Ջուրն իր շնորհակալությունն է հայտնում զանգվածային լրատվամիջոցներին՝ պատահարի զուսպ ու հավասարակշիռ լուսաբանման համար, իսկ բնակիչներից խնդրում է ու պահանջում պարբերաբար վերանորոգել տեխնիկապես մաշված սեփական ջրագծերը, ինչպես նաև 1-85 հեռախոսային կենտրոնին տեղեկացնել մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգում նկատված վթարների մասին»,-ասված է Երևան Ջուր ՓԲԸ հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Նորագավիթում, նախնական տվյալներիով ջրից, աղիքային վարակի դեպքեր են գրանցվել
Նորագավիթ համայնքում իրավիճակը կայունանում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները