Ռ.Հովհաննիսյան. Ապացուցողական բժշկությունը կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը
Սեպտեմբերի 24-26-ին Երևանում տեղի կունենա «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը, գիտաժողովին զեկույցներով և վարպետության դասերով հանդես կգան ապացուցողական բժշկության բնագավառում հայտնի մասնագետներ տարբեր երկրներից:
Ռ.Հովհաննիսյանի խոսքերով՝ ապացուցողական բժշկության ներդրումը Հայաստանում կարևոր է, քանի որ այն իր կանոնակարգված չափորոշիչներով կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը. «Գիտաժողովի ընթացքում էլ հիմնական շեշտը դնելու ենք կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի վրա, քանի որ առողջապահության կազմակերպիչների համար դա շատ կարևոր է»:
Ի՞նչ է ապացուցողական բժշկությունը.
Ապացուցողական բժշկությունը բժշկության առանձին ոլորտ չէ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոճ է: Ապացուցողական բժշկությունն առաջին հերթին ենթադրում է քննադատաբար կարողանալ ընթերցել, հասկանալ և կիրառել գիտաբժշկական գրականությունը: Երկրորդը՝ կարողանալ կիրառել բժշկական պրակտիկայում ամենահավաստի, զտված տեղեկատվությունը: Առողջապահության կազմակերպման գործում, լինի նոր հիվանդանոցի հիմնում կամ բաժանմունքի ստեղծում, բուժման նոր ուղղության ներդրում, թե մեկ այլ բան, պետք է հիմնվել փաստերի, ապացույցների վրա, ոչ թե անհիմն ցանկությունների… Այսինքն՝ գիտական հիմնավորվածությունը պետք է սկզբունք դառնա առողջապահության յուրաքանչյուր կազմակերպչի համար:
Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով, ապացուցողական բժշկությունը ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահության համակարգերում: Ըստ նրա՝ Հայաստանում արդեն 10 տարի շարունակ բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի էջերում ներկայացվել են ապացուցողական բժշկության հիմնական դրույթները, մեթոդաբանական տեսակետները և այն, որ դրա ներդրումը Հայաստանում լիովին իրատեսական է:
Հովհաննիսյանն ասում է, որ հայրենական բժշկագիտության զարգացումն անհնար է, քանի դեռ չի փոխվել կլինիկական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հրապարակման գործելակերպը, ինչպես նաև բժիշկների ուսուցանումը չի իրականացվում բժշկական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան:
Ըստ պրոֆեսորի՝ ապացուցողական բժշկության հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր գործող բժիշկ հիվանդությունների բուժման, ախտորոշման և կանխարգելման ժամանակ, պետք է օգտագործի միայն բուժման այն եղանակները, որոնց արդյունավետությունը և անվտանգությունն ապացուցված է կլինիկական համեմատական հետազոտությունների արդյունքներով:
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ 2012թ. Երևանում տեղի է ունեցել «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում` հորինվածք, թե իրականություն» խորագրով միջազգային առաջին գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվել է Երևանյան հռչակագիրը ապացուցողական բժշկության սկզբունքները հետևողականորեն առաջ մղելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում