«Էրեբունի» հիվանդանոցի սրտաբանական ծառայությունը նշում է իր 30-ամյակը
1990-ականներից սկսած «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը դարձել է առաջնային ուղղություններից մեկը, ինչի արդյունքում սրտաբանական բաժանմունքը զարգացել և դարձել է հզոր սրտաբանական կենտրոն՝ հանրությանը մատուցելով բոլոր տեսակի նեղ սրտաբանական ծառայություններ: Այս մասին այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանական ծառայության հիմնադրման 30-ամյակին նվիրված սրտաբանական գիտաժողովում ասաց Հայաստանի գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը։
Նրա խոսքերով՝ 2000-ականների սկիզբը նոր բեկում բերեց կենտրոնի սրտաբանական ծառայությանը, որտեղ սկսվեցին իրականացվել կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես նաև սրտի բաց վիրահատություններ:
«Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է 1200-1500 ներանոթային միջամտություն, առիթմոլոգիական վիրահատություններ և չկա որևէ նեղ մասնագիտական խնդիր, որին լուծում չտրվի»,- ասաց Հ. Հայրապետյանը:
Նա նշեց նաև, որ սրտաբանական կենտրոնը բավական ճանապարհ է անցել և բաժանմունքից վերածվել է բազմապրոֆիլ սրտաբանական կենտրոնի՝ այն մարդկանց աշխատանքի շնորհիվ, որոնք զգալի ավանդ են ունեցել սրտաբանության զարգացման գործում: «Սակայն «Էրեբունի»-ն Էրեբունի չէր դառնա, առավել ևս սրտաբանական կենտրոնը չէր հասնի նման հաջողությունների, եթե այն չառաջնորդեր Հարություն Քուշկյանը, ով կանգնած է «Էրեբունի» ԲԿ-ի և սրտաբանական ծառայության ակունքներում, ով իր գաղափարներով ու մտածողությամբ միշտ տեսնում է մի քանի քայլ առաջ: Վստահ եմ, որ մեր կենտրոնը ավելի մեծ հաջողությունների կհասնի նրա առաջնորդությամբ»,- ասաց Հ. Հայրապետյանը:
Գիտաժողովին մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ «Էրեբունի» ԲԿ-ն բժշկական կրթության և բժշկագիտության լավագույն հիմքերից և ավանդույթներ ձևավորած բազաներից մեկն է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համար: Նա հատուկ ընդգծեց առաջատար կլինիկայի առաքելությունն ապագա սերունդների դաստիարակման հարցում և շնորհակալություն հայտնեց սրտաբանական կենտրոնի բժիշկներին, դասախոսներին, որոնք այս տարիների ընթացքում իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցել երիտասարդ բժիշկներին:
Նախարար խոսքերով՝ «Էրեբունի» ԲԿ-ն նաև գիտական հիմնարկ է և ունի ԲՕՀ-ի կողմից հաստատված գիտական հանդես, որտեղ տպագրվում են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի առաջատար բժիշկները: Այս փաստը ևս, ըստ Ա.Աշոտյանի, խոսում է այն մասին, որ կենտրոնն այսօր բժշկագիտության և բժշկական կրթության կարևորագույն հենարաններից մեկն է Հայաստանում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայության 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը ընթերցեց նաև Նախագահի Սերժ Սարգսյանի ուղերձը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով՝ բժշկագիտության զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար ՀՀ ԱՆ հուշամեդալով պարգևատրվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ սրտաբանական և անոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Հայրապետյանը:
«Էրեբունի» ԲԿ-ի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են Երևանի առաջատար սրտաբանական կենտրոնների, Հայաստանի մարզերի, Արցախի սրտաբանները: Գիտաժողովի շրջանակներում զեկույցով հանդես կգա Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, Ինտերվենցիոն ռադիոլոգների և էնդովասկուլյար վիրաբույժների Ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը:
Լուսանկարները՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա