Արդեն եղած փաստերի հիման վրա պետք էր Արտակ Բուդաղյանին ճանաչել տուժող. Փաստաբան
Հունիսի 1-ին Գորիսում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, նախաքննությունը վարող մարմնի կողմից ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, իսկ նրա ներկայացուցիչն է Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու սպա Մերի Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը որոշել է հետաձգել Արտակ Բուդաղյանի միջնորդության լուծումը, որի համաձայն Բուդաղյանը խնդրում է իրեն ճանաչել որպես տուժող:
«Մեր միջնորդության քննարկումը հետաձգել են` պատճառաբանելով, որ անհրաժեշտ է մի շարք քննչական-դատավարական գործողություններ կատարել, մինչև այդ միջնորդության լուծումը հնարավոր լինի տալ», Panorama.am-ին տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:
Նրա կարծիքով, հարցի այդպիսի լուծումը սխալ է ու պատրաստվում են առաջիկայում բողոքարկել այդպիսի որոշումը: Արտակ Բուդաղյանը, փաստաբանի փոխանցմամբ, հարցաքննվել է, բայց վկայի կարգավիճակում: «Վկայի կարգավիճակով հարցաքննվելը շատ տարօրինակ է, ինչը մենք համարում ենք ոչ պատշաճ մոտեցում», -նկատեց Ալումյանը` ընդգծելով, որ նախաքննության այսպիսի ընթացքն իրենց չի բավարարում:
Ալումյանն ասաց, որ արդեն եղած փաստերի հիման վրա պետք էր Արտակ Բուդաղյանին ճանաչել տուժող, այլ ոչ թե այսքան հետաձգել: «Այդ փաստերը միանշանակ խոսում են այն մասին Արտակ Բուդաղյանին պետք էր ճանաչել տուժող», -նշեց Հայկ Ալումյանը:
Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել է սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի վիրավորված մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ: