ՀՀԿ-ական պատգամավորը պատրաստ է իր վրա վերցնել Հրաչյա Հարությունյանի կնոջ՝ ՌԴ տեղափոխման ծախսը
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնում է այս օրերի թիվ մեկ թեմային՝ ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպին և ՌԴ իրավապահների կողմից վերջինիս նկատմամբ ցուցաբերված ոչ մարդկային վերաբերմունքին:
-Այս ընթացքում որպես ՀՀ քաղաքացի և առավել ևս որպես քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչ փորձե՞լ եք կապ հաստատաել , հետաքրքրվե՞լ եք ՌԴ –ում այս օրերին դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակցի կյանքով, ինչ-որ բան արե՞լ եք վերջինիս օգնելու նպատակով:
-Քիչ առաջ կապ հաստատեցի ՌԴ-ում մեր դեսպանի՝ Օլեգ Եսայանի հետ: Հետաքրքրվեցի՝ ինչ է արել և ինչ է մտադիր անել դեսպանությունն ու այնտեղի հայ համայնքը՝ ստեղծված իրավիճակի ուղղությամբ: Ցավում եմ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեմ կարող հրապարակել իմ և դեսպանի հեռախոսազրույցի մանրամասները, վստահեցնում եմ միայն, որ նրանք որոշակի քայլեր արդեն կատարել են և անում են ամեն բան՝ հնարավորություների շրջանակներում, Հրաչյա Հարությունյանին օգնելու նպատակով: Տեղեկացա, որ Հրաչյա Հարությունյանն այս պահին գտնվում է իրավապահ մարմինների բուժհաստատությունում, նրա անվտանգությունն ապահովված է և նա չունի, համենայն դեպս, հագուստ խնդիր:
- Մենք հակված ենք միշտ մեղավոր փնտրելու դրսում, ուրիշի մեջ, իսկ չկա՞ր մեղավորություն մեր մեջ՝ այն հարցում, որ ՌԴ-ում մեղադրվող հայը միջադեպից հետո երեք օր կանացի խալաթով էր: Մի՞թե չարժե անգործության մեջ մեղադրել ՌԴ –ում Հայաստանի դեսպանատան աշխպատակիցներին ու հայերին առհասարակ:
- Մեղադրելը, դա ոչ թե իմ, այլ որոշ կառույցների գործն է: Ինչ կարող էին անել, որը չեն արել, այս դիտանկյունից նայենք հարցին… Եթե այն, ինչին մենք ականատես ենք եղել, որոշակի աշխատանքի արդյունք է՝ փաստորեն անպտուղ արդյունք, ուրեմն` մենք սրանից պետք է հետևություներ անենք: Իսկ եթե պարզվի, որ այս իրավիճակի հետևում իսկապես մեր անգործությունն է, ուրեմն այդ դեպքում էլ դրանից հետևություներ անել է պետք: Երկու դեպքում էլ մեզ բավարար չափով ինֆորմացիա է պետք ունենալ, որպեսզի դիլետանտ գնահատականներ չհնչեցնենք:
- Ռուսաստանում մեղադրվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքը բնակվում է Երևանում, ասում են՝ կիննն ուզում է մեկնել ՌԴ՝ թեկուզ բարոյահոգեբանական տեսանկյունից օտարության մեջ միայնակ ամուսնու կողքին լինելու, նրան սատարելու համար, բայց չկան միջոցներ:
- Եթե դրա անհրաժեշտությունը կա, ու եթե դա կարող է որևէ կերպ օգնել Հրաչյա Հարությունյանին ու նրա ընտանիքին, ապա ես պատրաստ եմ իմ հնարավորություների շրջանակներում վերցնել այդ խնդրի լուծումն ինձ վրա:
- Կարծիք կա, որ միջադեպից հետո՝ մինչև դատարան ներկայացնելը, պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել մեր համաքաղաքացուն, իսկ դատարան ներկայացնեը նվաստացուցիչ տեսքով՝ վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հայերիս մոտ: Եթե այս ամենին գումարում ենք նաև միջադեպից հետո հապճեպ կայացված պետական որոշումը՝ օտարերկացի վարորդների հանդեպ այսուհետ իրականացնել խիստ վերահսկողություն, արդյոք այս ամենը չի հուշո՞ւմ մի բան՝ հայ ռուսական հարաբերություններում ինչ-որ բան խախտվել է:
- Այն, որ ստեղծված իրավիճակում նրա նկատմամբ արված որոշ քայլեր իսկապես նվաստացուցիչ են, համամիտ եմ լիովին: Նախ այն, որ տղամարդուն՝ հայ տղամարդուն, կանացի խալաթով ու հողաթափերով են ներկայացրել դատարան, դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է իրենց դատարանի հանդեպ, արհամարհանքի դրսևորում, հետո նոր միայն նվաստացուցիչ վերաբերմունք հայ տղամարդու նկատմամբ: Սա պետք է նկատել... Չեմ կարծում, որ այստեղ չկա միտում:
Հիվանդանոցից դատարան տանելուց առաջ, եթե իրենք հարկ համարեին դիմել ինչ-որ մեկին, ընդ որում՝ ռուս թե հայ, չեմ կարծում գտնվեր մեկը, ով կհրաժարվեր մի հագուստ տալ մեր համաքաղաքացուն՝ պատշաճ տեսքով դատարան ներկայանալու համար:
Փաստ է, որ որոշ իրավապահներ իսկապես ինքնագործունեություն են ծավալել, բայց ՌԴ-ն այն պետությունն է, որտեղ օրենքներն իսկապես գործում են, ուստի հակված եմ մտածելու, որ այնտեղ՝ անկախ ազգությունից, պետք է որ ողջ դատավարական պրոցեսում առաջնորդվեն միմիայն օրենքով:
Եթե որոշ չինովնիկներ, իրավապահ մարմինների բարձրաստիճան կամ ցածրաստիճան պաշտոնյաներ այս օրերին գերազանցել են իրենց լիազորությունները՝ վերապահելով իրենց ավելի շատ իրավունքներ, վստահ եմ դրան էլ անդրադարձ կարվի, ու կպատժվեն նրանք անպայմանորեն:
Եթե մեր համաքաղաքացին հոգեբանորեն ծանր վիճակում է՝ դա դեռ չի նշանակում, որ ոմանք պետք է օգտվեն նրա անօգնական վիճակից և կարող են իրենց թույլ տալ նվաստացուցիչ վերաբերմունք՝ վիրավորելով նրա արժանապատվությունը: Ռուս ազգը պիտի հասկանա, պիտի ըմբռնումով մոտենա ու սթափ գնահատի իրավիճակը, գոյություն ունի անմեղության կանխավարկած ասվածը… Վերջապես, սա մի միջադեպ է, որ կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ, այստեղ չկա դիտավորություն, ինչը, կարծեմ, ապացուցված է արդեն: Քննությունը տարվում է այն ուղղությամբ, որ մեքենան եղել է անսարք վիճակում և ողբերգական միջադեպի կամ այդքան մարդկանց մահվան պատճառը ոչ այնքան մարդկային գոծոնն է, որքան տեխնիկական անսարքությունը:
Ասեմ նաև, ինձ չի զարմացնում մեր հայ հասարակության բուռն արձագանքն ու վրդովմունքի ալիքը, բայց ես չեմ էլ ցանկանա այս ամենը տեսնել ուրիշ համատեքստում, վտանգավոր է:
- Ուզում եք ասել՝ ռուսական լրատվամիջոցների կողմից՝ ազգային պատկանելության անընդհատ մատնանշումը, նրանց բարձրացրած ազգայնամոլական հիստերիան ու ռուս չինովնիկների վարքագիծը ուղղորդվա՞ծ չեն, սա մեսիջ չէ՞ հայերին՝ ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շեմին:
- Եթե պարզվի, որ սա ընդամենը չինովնկների քմահաճույքն է եղել, ուրեմն` նրանք պետք է պատժվեն: Բայց ես հակված չեմ այդքան գլոբալ իմաստ տալ կամ այս ամենում տեսնել ուղղորդող քաղաքականություն: Ինձ չի թվում, որ ստեղծված աղմուկն ունի քաղաքական ենթատեքստ և դա անպայմանորեն կապել արտաքին քաղաքականության դաշտում տեղի ունեցող որոշ դրվագների հետ, անթույլատրելի է: Հայ ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում իրավիճակը գնահատելը ընդամենը որոշ լրատվամիջոցների շովինիստական մղումներով ցանկությունն էր կամ շահագրգռվածությունը: Յուրաքանչյուր օր կարող են նման միջադեպեր լինել, ու դրանց տալ աստառ, որակավորումներ, խտրականություն մտցնել գնահատականների մեջ՝ սա ոչ թե քաղաքական կուրս է՝ այլ էմոցիաներ: Թող ինձ ներեն միջադեպի բոլոր զոհերի հարազատները, սա շատ փոքր դրվագ է, որն իր մեջ կարող է արտացոլել ՌԴ վերաբեմունքը՝ Հայաստանի նկատմամբ: ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառք, գազի գնի թանկացում, արտաքին քաղաքական դաշտում որոշ քայլեր և այս ամենից հետո միջադեպ ու այս ամենը բարձրագոչ հայտարարություններով ընդգծել հայ-ռուսական հարաբերություների ֆոնին՝ անթույլատրելի է, սրանք ընդամենը զուգադիպություններ են իրենց ժամկետների իմաստով:
- Ի՞նչ եք կարծում, այս լարվածությունը կարող է որոշակի ֆոն ստեղծել հայ-ռուսական ազգամիջյան հարաբերություններում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այս միջադեպից հետո բարձրացված աղմուկով այսուհետ չվտանգվի ՌԴ-ում ապրող և աշխատող ամեն մի հայի անվտանգությունը, սափրագլուխները չփորձեն կրկին մետրոյում հայեր փնտրել:
- Չպետք է համարել, որ սա կարող է հիմք հանդիսանալ ազգամիջյան լարվածություն ստեղծելու համար, պետք է միշտ հիշել, որ այս միջադեպի հիմքում ոչ թե դիտավորությունն է, այլ տեխնիկական անսարքությունը:
Եվ ես կարծում եմ՝ ռուս ժողովուրդը, ՌԴ իրավապահ մարմիններն ու հատկապես ՌԴ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ թույլ չեն տա, որպեսզի ազգամիջյան ավելորդ կրքեր բորբոքվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան