Արտակ Բուդաղյանն ասել է, որ զինված հարձակում չի գործել, և ես պարտավոր եմ նրան հավատալ. Արթուր Աղաբեկյան
«Երբ Արտակ Բուդաղյանը վերադարձավ Արցախ` ծառայության, առաջին մարդը ես եմ եղել, որի հետ ինքը հանդիպել է, և ես նրան խնդրել եմ, որ նա իր մեջ ուժ գտնի ու շարունակի կատարել իր ծառայական պարտականությունները», - հուլիսի 25-ին Ստեփանակերտում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
Նա ասաց, որ մտերիմ է Բուդաղյանների ընտանիքի հետ. Արտակ Բուդաղյանի հայրը իր ավագ ընկերն է, իսկ մյուս ընկերոջ` Ավետիք Բուդաղյանի մահը իր համար ծանր կորուստ է:
«Ես եղել եմ հարավ-արևմտյան զորքերի հրամանատարը, Արտակ Բուդաղյանին ես եմ ուղարկել սովորելու, ես եմ հետագա պաշտոններին նշանակել ու գիտեմ, թե ինչպիսի կարգապահ սպա է: Եթե քրեական գործ է հարուցվել, ապա վստահ եմ, որ ճիշտ քննություն է գնալու: Շատերը մեղադրում են, թե բանակը չի խառնվում այդ գործին: Այդպես ճիշտ չէ. միայն այն, որ նա այսօր զբաղեցնում է պաշտոնը, կարծում եմ` բոլոր հարցերի պատասխանը տալիս է: Պետք չէ այդպես մոտենալ հարցին: Թող գործը քննվի, և ցանկացած մեղավոր ստանալու է իր պատիժը», -հավելեց պարոն Աղաբեկյանը:
Փոխվարչապետի խոսքով, Արտակ Բուդաղյանը իրեն պատմել է, որ ինքը զինված հարձակում չի գործել, ինչպես հայտարարել է նախաքննական մարմինը: «Ես պարտավոր եմ իմ ընկերոջը հավատալ, բայց նաև ուզում եմ տեսնել, թե մինչև ուր է գնում քննությունը», -հավելեց Աղաբեկյանը` ընդգծելով, որ այժմ Արտակ Բուդաղյանին վստահված է առաջնագիծ, հազարավոր զինվորներ, և նա «հպարտությամբ ու ծանր վիճակում» կատարում է իր պարտականությունները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կատարվածի կապակցությամբ ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև`
Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Զինդատախազություն. Ինչ զենքեր են առգրավվել Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում