Մարկեդոնովն ուրախ է, որ ադրբեջանական սև ցուցակում է. «Գուցե Կաբալյեն հետաքրքրվի, թե ով է այդ Մարկեդոնովը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրերս հրապարակել է այն անձանց ցուցակը, ովքեր այցելել են Արցախի հանրապետություն և անցանկալի անձ են համարվում Ադրբեջանում: Այդ ցուցակում է նաև ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել թեմայի առնչությամբ:
Ներկայացնում ենք գրառումը որոշ կրճատումներով:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է անցանկալի անձանց ցուցակը: Այդ ցուցակում հայտնաբերել եմ նաև ինձ: Չեմ զարմանում, հատկապես երբ հայտնվել եմ այնպիսի անձանց շրջապատում, ինչպիսին են Մոնսերատ Կաբալյեն, Ալ Բանոն, ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկը, Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին և, իհարկե, իմ գործընկերներ Ալեքսանդր Կռիլովը, Սիլվիա Շտյոբերը, Դոննակա Օբակոյնը: Փիառի համար՝ շնորհակալություն: Գուցե Կաբալյեն հետաքրքրվի, թե ով է այդ Մարկեդոնովը, ում հետ նույն ցուցակում է հայտնվել:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա անգամ Վրաստանում 2008թ.-ից հետո այդպիսի բաներ չեն մոգոնել: Ես բազմիցս այցելել եմ Աբխազիա և Հարավային Օսեթիա: Անգամ Միխեյիլ Սաակաշվիլիի նախարարներից մեկը ինձ հետ առանձնազրույցում ասել է. «Իհարկե, Դուք քաղաքագետ եք, պետք է ուսումնասիրեք»: Կարծես թե այդ բարդ իմաստությունը Բաքվում դեռ չեն գիտակցում:
Ճիշտ է, երբեք հնարավոր չեմ համարել Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը, ավելի հստակ ասած, չեմ համարել դա շահեկան հենց Ադրբեջանի համար: Եվ կարծում եմ, որ հնարավոր չէ վերադառնալ այն իրավիճակին, երբ Ղարաբաղը, ինչպես խորհրդային տարիներին, ամբողջությամբ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում: Չե՞ք հավատում: Կարդացեք պատմության ցանկացած դարաշրջանի ցանկացած դասագիրք:
Մարկեդոնովը չի հայտնագործել դա, և որևէ երկրի ԱԳՆ-ի չինովնիկ դա չի կարող հերքել: Այդ մասին ես բազմիս ասել եմ Բաքվում: Եվ ահա հանկարծ չեմ կարող այդ մասին ասել այնտեղ: Ցանկանում եմ հարցնել՝ և ի՞նչ: Ամեն ինչ Ղարաբաղի հետ կապված մեկ վայրկյանում կլուծվի՞ հօգուտ ադրբեջանական գործող իշխանությունների: Եվ Իրանի հետ խնդիրներ չե՞ն լինի: Եվ Արևմուտքի՞ կամ Ռուսաստանի՞: Հանկարծ իսլամիզմը կդադարի՞ լինել սուր խնդիր: Եվ, ինչպես Իսմայիլիում, այլևս չե՞ն լինի զանգվածային ցույցեր: Իսկ նախագահության երրորդ ժամկետի լեգիտիմությունը այլևս խնդիր չի՞ լինի:
Եթե այդպես է, ապա պատրաստ եմ ճանաչել այդ ցուցակը կազմողների ծայրահեղ իմաստությունը և կրել անցանկալի անձի ծանր բեռը»,- գրել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին