Ես գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված. Վանաձորի մանկատան նախկին սանը` կառավարության առաջ (տեսանյութ)
Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը, որի պատմության մասին Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել, իր ձայնը լսելի դարձնելու համար այսօր կառավարության շենքի առջև բողոքի էր դուրս եկել:
«Դատավորի ներքին համոզումն ու անհամաչափ պատիժը, ոտնահարված է Վանաձորի նախկին սաների իրավունքները, Պահանջում եմ արդարություն, ամուսնուս խախտված իրավունքների վերականգնում, պահանջում եմ Վճռաբեկ բողոքի վերանայում» գրությամբ պաստառը պահած նա հայտարարեց, որ իր ամուսնու նկատմամբ Հայաստանի դատական համակարգն անարդար է վարվել` չկատարած գողության համար դատապարտելով 4 տարի ազատազրկման:
Նա ասաց, որ եթե իր խնդրանքներին արձագանք չեղավ, պատրաստ է դիմել ցանկացած միջոցի, քանի որ արդեն հոգնել է հիասթափություններից: «Ես էս ամեն ինչի մեջ երկու երեխա եմ կորցրել, ոչ մի բանի հույս չկա, էս վերջին քայլն ա, եթե չօգնեն, գործը չվերանայվի, գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված», -ասաց Թագուհին:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր Վանաձորի մանկատան նախկին սաների վերաբերյալ այս պատմությունը: 24-ամյա Ռոմանը, ով ազգությամբ ռուս է և վաղ հասակում կորցրել է ծնողներին, մանկատնից դուրս գալուց հետո աշխատել է Վանաձորի ՀԷՑ-ում որպես մոնտյոր ու իրենց աշխատավարձով, ինչպես Թագուհին էր պատմել, կարողացել են նորմալ ապրել: Վանաձորում ապրում են վարձակալած բնակարանում, մինչև պետությունը նրանց բնակարան կհատկացնի: Թագուհին ասել է, որ իրենց պահանջները քիչ են եղել, իսկ ընտանիք մտնող գումարը բավարարել է իրենց ու նորմալ ապրել են, հետևաբար գողություն կատարելու մասին մտքներով անգամ չի անցել:
Վանաձորի մանկատնից 2011-ի հունիսին գողացված երաժշտական կենտրոնը դառնում է պատուհաս այս նորաստեղծ ընտանիքի գլխին: Ըստ նախաքննության տվյալների և այնուհետև` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի 2012-ի հուլիսի 13-ին կայացրած վճռով Ռոման Կուդաշինը մանկատան մյուս սաներից մեկի` Արթուր Կիրակոսյանի ու Վանաձորի բնակիչ Տարոն Մելիքջանյանի հետ միասին մուտք են գործել մանկատուն և գողացել մանկատան երաժշտական կենտրոնը: Եվ նույն դատարանի վճռով Արթուրն ու Տարոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման, իսկ Ռոմանը` 4: Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Դատական այս քաշքշոցի մեջ Թագուհին երեխա էր կորցրել, իսկ կյանքը վերածվել դժոխքի: Ռոմանն այժմ հետախուզման մեջ է:
Թագուհին օրեր առաջ նամակ էր գրել Հայաստանի նախագահի, արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով օգնել իրեն արդարության հասնելու համար:
Կարդացեք նաև`
Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը
Դատավորի ներքին համոզումը, անհամաչափ պատիժն ու մանկատան նախկին սաների դժոխքի վերածված կյանքը
Ապրում էինք միմյանց ջերմությամբ. Մանկատան նախկին սանը Հայաստանի նախագահից օգնություն է խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները