«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննող մարմնի` ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի հանդիպումը նվիրված էր գործով արդեն միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի ավելի վաղ արած հայտարարությունները հերքելուն:
Նախ, Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը չունի ապօրինի, ինքնաշեն «Բերետա» տեսակի ատրճանակ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայկ Ալումյանը: Այնուհետև Հարությունյանը ներկայացրեց, որ գործի շրջանակներում առգրավվել են երկու «Բերետա» տեսակի ատրճանակ, որոնցից մեկը պատկանել է Ավետիք Բուդաղյանին, իսկ մյուսը` Սուրիկ Խաչատրյանին: Ավետիք Բուդաղյանի «Բերետա»-ից կրակած պարկուճով վիրավորվել է դեպքի վայրում եղած Նիկոլայ Աբրահամյանը: «Ավետիք Բուդաղյանին պատկանող «Բերետա»-ն նույնպես ինքնաշեն է: Ավելին, ապօրինի է գտնվել նրա մոտ: Իսկ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Բերետա» տեսակի ատրճանակը դեպքի օրը չի օգտագործվել և օրինական հիմքերով է գտնվել Խաչատրյանի մոտ: Միայն ինքնաշեն լինելը հիմք չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար», -հայտարարեց Հարությունյանը:
Հաջորդը, որ Հարությունյանը հերքեց, Արտակ Բուդաղյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունն էր, որի համաձայն Բուդաղյանը պնդել է, որ թիկունքից կրակոց հնչել է: Հարությունյանն այսօր հայտարարեց, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա թիկունքից կրակոց չի եղել, ինչը հիմնավորվել է «հստակ ապացույցներով»: «Արտակ Բուդաղյանի ստացած մարմնական վնասվածքը, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանի ստացած մարմնական 4 վնասվածքներից 3-ը պատճառվել են միևնույն զենքից, որը գործածվել է Տիգրան Խաչատրյանի կողմից, իսկ Ավետիք Բուդաղյանի մեկ մարմնական վնասվածքը պատճառվել է Զարզանդ Նիկողոսյանի կողմից գործածված զենքից: Այլ հրազենային կամ այլ բնույթի վնասվածքներ թե Արտակ, թե Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա չեն եղել», -հայտարարեց ՊՆ քննչական ծառայության պետը:
Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Արտակ Բուդաղյանի պնդումը, թե կրակոց է հնչել վերևից, հաստատվում է նաև տեսագրության մեջ եղած փաստով. դեպքի տեսագրության մեջ երևում է` ինչպես է մի գնդակ դիպչելով ասֆալտին թռչում վերև: «Դա շատ ուժեղ փաստարկ է, և դրա համար քննիչն ու փորձագետները արեցին ամեն ինչ, որպեսզի այդ գնդակի տեղը չհայտնաբերվի»,- հայտարարել էր փաստաբանը:
Մեր այս հիշեցմանն ի պատասխան Գորիսի միջադեպի գործով նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավար Ալեքսան Ղազարյանը ասաց. «Ասֆալտի հավանական մեխանիկական վնասվածք հայտնաբերելու համար դեպքի վայրը զննել ենք, փորձաքննություն ենք նշանակել: Փորձագետներն ասել էին, որ հնարավոր չէ պարզել հրազենային է, թե ոչ: Այնուհետև միջնորդություն է ներկայացվել պարոն Ալումյանի կողմից, և մենք բոլորս կատարել ենք դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Հայտնաբերել ենք երեք հնարավոր վնասվածքատիպ ինչ-որ բան, որը մեր, ինչպես նաև պարոն Ալումյանի համար կասկածելի էր: Բայց փորձագետները եզրակացություն են տվել, որ դրանք հրազենային վնասվածքներ չեն»:
Ինչ վերաբերում է կրակոցի` վերևից լինելուն, ապա Ղազարյանն ասաց, որ ֆոտոկադրեր կան և հնարավոր չէ գնդակը տեսնել օդում:
Հարությունյանը արձագանքեց նաև Արտակ Բուդաղյանի ցուցմունքից Հայկ Ալումյանի հրապարակած մի հատվածին, երբ Արտակ Բուդաղյանը ասել է, թե Սուրիկ Խաչատրյանի կինը դեպքի վայրում բղավել էր. «Սուրիկ, էս ի՞նչ արիր, բա ասում էիր` սենց բան էլ չի լինի»: Հարությունյանի խոսքով, Լորետա Բարսեղյանը նման բան ընդհանրապես չի ասել: «Ավելին, իր ցուցմունքում անտրամաբանական ու աբսուրդ էր համարել և ասել, որ չէր կարող նման բան հնչեցնել», -հավելեց Արմեն Հարությունյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նախաքննության փուլում ճնշումներ գործադրվե՞լ են նախաքննական մարմնի վրա, ՊՆ քննչական ծառայության պետը բացասական պատասխան տվեց: «Ճնշում չի էլ կարող լինել», -հավելեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ օգտագործած լինելուն, ապա Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց, որ փորձաքննության եզրակացությամբ, նրա մեզի ու մազի նմուշներում հայտնաբերվել են թմրանյութեր: «Փորձագետի եզրակացությամբ, թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի մեջից օգտագործելուց հետո ընդհանրապես դրա հետքը չի վերանում»,-հավելեց Հարությունյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքան է բարոյական, որ պոտենցիալ մեղավորները ազատ են արձակվել: Արմեն Հարությունյանն ի պատասխան վկայակոչեց ՀՀ Քրեական օրենսգիրքը, որով սահմանվում են այն հիմքերը, որոնցով անձը կարող է պատասխանատվության ենթարկվել: Այնուհետև հավելեց. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա արձակվել են այն որոշումները, որոնց մասին ձեզ հայտնի են: Եթե նման ցանկություն կլինի, կարող եք ծանոթանալ որոշումներին և թե ինչով են դրանք հիմնավորված»:
Կարդացեք նաև`
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)