Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ
Դեռևս նախորդ տարվա հուլիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Շինարարության առաջին փուլը, որը ներառում է թանգարանի թանգարանային մասը, կավարտվի մայիսի վերջին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Ըստ նրա, շինարարության երկրորդ փուլը ներառելու է թանգարանի բնակելի մասը, այնուհետև նոր ցուցադրության նախապատրաստում և բացում:
«Թե երբ պատրաստ կլինի տուն-թանգարանը բացման, դժվարանում եմ ասել: Երկրորդ փուլի համար պետք է ֆինանսավորում լինի: Երբ լինի դա, արդեն հնարավոր կլինի խոսել տուն-թանգարանի բացման ժամկետների մասին»,- ասաց Ռ. Սարյանը:
Հիմնանորոգումից հետո թանգարանը լինելու է չորս հարկ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Տուն-թանգարանի տնօրենի խոսքով, չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար: Առաջին անգամ այցելուների համար բացվելու է Մ. Սարյանի ապրած տան ցուցադրությունը: Հիմնանորոգումից հետո տուն-թանգարանում աշխատակիցներն ունենալու են աշխատանքային սենյակներ, ինչպես նաև՝ թանգարանը կունենա պահոց, ձմեռային համակարգ (ջեռուցում, օդափոխություն, օդորակում), վերելակ, տարհանման աստիճաններ, տեխնիկական նկուղ, տոմսարկղ, որտեղ միաժամանակ հուշանվերներ կվաճառվեն, հանդերձարան:
«Հիմնանորոգումից հետո տուն-թանգարանը կունենա անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները»,- ասաց Ռ. Սարյանը:
Նա նաև հայտնեց, որ արվեստասեր հանրությունը, նրանք, ովքեր այս ընթացքում կկարոտեն Սարյանին, կարող են այցելել Հայաստանի Ազգային պատկերասրահ ու Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Հիշեցնենք, որ Մատենադարանում 2013- թ. դեկտեմբերի 12-ին բացվել է «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրությունը, որը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի տարբեր տարիների ստեղծագործությունների ընտրանին՝ դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների, ինչպես նաև ջրանկարների և գրքերի նկարազարդումների նմուշներ:
Նշենք, որ Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:
20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
Մ. Սարյանը նկարում է իր տունը 1940
Իմ տունը կառուցվում է 1932
Մ. Սարյանի տունը 1940
Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին