Շիրակի մարզի դատավորը գնացել է ՔԿՀ և ամբաստանյալին տեղեկացրել պատժաչափի մասին
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա գործով դատավոր Մարտին Սարոյանն է օրերս այցելել: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց նաև Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Այո, Մարտին Սարոյանը, ի զարմանս մեզ, գնացել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Հարություն Սարգսյանին հաղորդել, որ նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման», -մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբան Սահակյանը:
Փաստաբանն ասաց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի կայացրած դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը, ապօրինի է և ավելին, մինչև այժմ պաշտպանական կողմին դատավճիռը չի ուղարկվել: Նկատենք, որ դատավճիռը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրիի նստավայր) հրապարակվել էր մարտի 12-ին` պաշտպանական կողմի, ինչպես նաև ամբաստանյալի բացակայությամբ:
«Միայն այն, որ ակնհայտ անմեղ անձի նկատմամբ ապօրինի վճիռ է կայացվել, ակնհայտ ապօրինի դատական ակտ է: Եվ այն հանգամանքը, որ ամբաստանյալի բացակայությամբ հրապարակվեց դատավճիռը, իհարկե, դա ևս Քրեական դատավարության նորմերի խախտում է», -նկատեց Լուսինե Սահակյանը:
Մեր զրուցակցի կարծիքով, ամբողջ դատական քննության ընթացքում դատավոր Մարտին Սարոյանը չի պահպանել քրեական դատավարության կաննոնները, ինչի հանգուցալուծումն էլ եղավ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատավճիռն հրապարակելը և քրեակատարողական հիմնարկ այցելելը:
«Սա աբսուրդ է ընդհանրապես, երբ դատավորը ամբաստանյալի բացակայությամբ հրապարակում է վճիռը ու հետո գնում քրեակատարողական հիմնարկ: Սա քրեական դատավարության որևէ նորմի հետ աղերս չունի», -հայտարարեց փաստաբանը:
Պաշտպանական կողմը պատրաստվում է սահմանված ժամկետներում բողոքարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Տիկին Սահակյանի փոխանցմամբ, իրենք իրենց վերաքննիչ բողոքում կանդրադառնան դատավորի վարքագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները